Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավաբան Կարեն Անդրեասյանը:
Ընդ որում, նրա խոսքով, որքան շուտ կազմակերպվեն, այնքան լավ, քանի որ.
«1. Ընտրությունները դարձյալ կանցնեն բացառիկ ազատ ու արդար, քանի որ ներկայումս գործադիր իշխանությունը չունի ընտրությունները կեղծելու ոչ կարիքը, ոչ էլ ցանկությունը:
2. Դատական համակարգը անտեր է, բայց ոչ անկախ: Ծայրաստիճան կոռումպացված տասնյակ դատավորներ դեռ պաշտոնավարում են, իսկ խորհրդարանի անառողջ վիճակը թույլ չի տալիս ԲԴԽ-ի և այլ իրավական մեխանիզմների միջոցով մաքրել այլանդակված ու ախոռացած դատարանները:
3. Անորոշությունից ծանր վիճակում հայտնված ու պարալիզացված տնտեսությունը շանս կստանա աշխուժանալու: Գործադիր իշխանության տարվող աշխատանքը միայն այդ պարագայում կբերի մարդկանց համար շոշափելի եկամուտներ:
4. Իրավաքաղաքական ներկայիս աբսուրդ վիճակը կվերանա: Երբ կառավարությունը ղեկավարում է մի ուժ, իսկ խորհրդարանում մեծածասնություն են հակոտնյա ուժերը, պետական կառավարումը դառնում է ահավոր անարդյունավետ:
5. Ներկայիս իշխանությունը կարիք ունի նոր ու առողջ ընդդիմության: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրատապությունը նաև այդ նպատակի համար է:
6. Ի վերջո ժողովուրդը վերջնականապես կազատվի սրտնխառնոց առաջացնող նախկին բազմաթիվ դեմքերից և հնարավորություն կունենա շատ հստակ պահանջներ դնել իր ներկայիս կառավարիչների առաջ:
Ահա միայն վեց ակնհայտ պատճառ, թե ինչու է ժողովրդի համար վնասակար ներկայիս Ազգային ժողովի գործունեության ամեն մի լրացուցիչ օրը: Այս պատճառներն ու հիմքերը կարելի է դեռ շատ երկար շարունակել», - գրել է նա:
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո, որում «Իմ քայլը» դաշինքը ստացավ ձայների 81 տոկոսը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՄՆ-ից վերադառնալուն պես սկսելու է քննարկումներ քաղաքական ուժերի հետ՝ ԱԺ-ն լուծարման ու արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ:
Խորհրդարանում ներկայացված գերթե բոլոր քաղաքական ուժերն իրնց հայտարարություններում կողմ արտահայտվեցին արտահերթ ընտրությունների անցկացմանը, բացի ՀՀԿ-ից: