ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 22-ին՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած խուզարկությունը բխել է օրենքից, գրում է Aysor.am-ը:
«Ոստիկանները գործել են օրենքով։ Այս պահին քննությունը ընթացքի մեջ է, և դրա մասին մենք տեղյակ կպահենք հանրությանը», -ասել է Օսիպյանը։
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, թե ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունները սին են, ոստիկանապետն ասել է, որ դա Զոհրաբյանի երևակայությունն է, թե իբր ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին։
«Ոստիկանությունը տիրապետում է Հայաստանի Հանրապետության օպերատիվ իրավիճակին, և ցանկացած ահազանգ, ցանկացած գրառում, որը տեղի է ունենում ֆեյսբուքում մեր օգտատերերի կողմից, ոստիկանությունը պատադիր ուսումնասիրություն է իրականացնում։ Ի՞նչ է, չգնա՞ այդ ահազանգի հետքերով». - ասել է Օսիպյանը:
Արձագանքելով Զոհրաբյանի՝ իր հրաժարականը պահանջելու մասին հայտարարությանը, Օսիպյանն ասել է՝ թող պահանջի: Ըստ Զոհրաբյանի, լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ:
«Այսօր դիմելու ենք վարչական դատարան՝ Դանիել Իոննիսյանի գործողությունները վիճարկելու համար։ Քանի որ ապրում ենք նոր Հայաստանում, հետամուտ ենք լինելու, որ բոլորն օրենքի առջև լինեն պատասխանատու։ Այն, ինչ ասում էր Դանիել Իոննիսյանը, անհասկանալի իրավական ձևակերպում էր, և մեր իրավաբանները նրա դեմ պատրաստում են վարչական վարույթ: 12 օրվա ընթացքում իրենք այդպես էլ չկարողացան ներկայացնել մեկ անձի, ով ընտրակաշառք է բաժանել, և չեն էլ կարող, մեկ պարզ պատճառով, որ չկա ընտրակաշառք։ Չի լինելու ընտրակաշառք, հարգելի, սիրելի, ՀՀ հպարտ ոստիկանապետ», - ասել է Նաիրա Զոհրաբյանը։
Ավելի վաղ, մի քանի ահազանգ է հնչել ընտրակաշառք բաժանելուդեպքի առթիվ: Հարուցվել է քրգործ, որը 3-րդ նմանատիպ գործն է: Մինչև այդ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով ևս երկու քրեական գործեր հարուցվել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություններում:
Ոստիկանությունը, ահազանգի հիման վրա, խուզարկություն է իրականացրել նաև ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբում: Իսկ սեպտեմբերի 22-ին կուսակցության մի շարք անդամներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներխուժել են «Մեդիա կենտրոն», փորձել տապալել «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլիս ասուլիսը, վեճ հրահրել:
Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։
Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից: