25.11.2024
Ռիչարդ Միլսը հեռանում է. ո՞վ կփոխարինի նրան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


 


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է ա՞յն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Արթուր Վանեցյանը, ինքը «Ժնեւից մեկնում էր օդանավակայան»՝ հուլիսի 25-ին, թե՞ սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի։ Բանն այն է, որ հուլիսի 24-ի երեկոյան պարոն Վանեցյանն իր տիկնոջ, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ Մոսկվայում ներկա է եղել «60 տարվա ընդմիջումից հետո Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ Մոսկվայի մեծ բեմում Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացմանը»: Թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնեւ, հետ վերադառնալ, որ օդանավակայանի ճանապարհին զրուցի ՀՔԾ պետի հետ ու ձայնագրվի, փոքր-ինչ տարակուսելի է՝ զարմանում են համակարգում։ Հիշեցնենք, որ գաղտնի ձայնագրության մեջ խոսվում էր Ռոբերտ Քոչարյանին «փակել-չփակելու» հիմքերի մասին, ինչը նշանակում է, որ դա տեղի է ունեցել մինչեւ նրան ՀՔԾ-ում հարցաքննելը։ Իսկ նրան հարցաքննել են հուլիսի 26-ի առավոտյան։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մի կողմից Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում՝ հայտարարելով, որ կմտածեն, թե արտահերթ ընտրություն անցկացնելու հարցում ինչպես քվեարկեն, մյուս կողմից եռանդուն պատրաստվում են ընտրություններին։ Մեր տեղեկություններով, Ծառուկյանի հորդորով տարածքային կառույցների ղեկավարները սկսել են կարգի բերել գրասենյակները, աշխատանք տանել ընտրողների հետ։ Էջմիածնի մեր աղբյուրների փոխանցմամբ, պատգամավոր Հրանտ Դավթյանը վերջին շրջանում մոտ երեք տասնյակի հասնող գրասենյակներ է բացել, եւ գիշերային հավաքներ են կազմակերպվում գրասենյակներում, քննարկում արտահերթ ընտրությունների հարցը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում՝ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կազմակերպած Կանանց եվրասիական ֆորումին հրավեր ստացած հայաստանյան երկու հայտնի կանայք՝ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում։ Հարցին՝ հայոց «սեւ եւ սպիտակ» տիկնանց միջեւ շփումներ եղե՞լ են ֆորումի ժամանակ, մեր աղբյուրն ասաց․ «Եղել են, նորմալ հարաբերություններ են, սակայն՝ տարբեր օրակարգերով»։ Ի դեպ, ինչպես փարիզյան այցի, այնպես էլ այս անգամ Աննա Հակոբյանը մեկնել է թիկնապահների ուղեկցությամբ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի սաները գեներալի կալանավորումից հետո զանգվածաբար դուրս են գալիս համալսարանից: «Արտահոսք» այն չափերի է հասել, որ համալսարանի ղեկավարությունը նոր ուսումնական տարվան ընդառաջ դիմել է ԿԳ նախարարությանը՝ առաջարկելով կասեցնել բուհի գործունեությունը եւ թողնել միայն համալսարանում գործող միջին մասնագիտական դպրոցը՝ քոլեջը: Բուհի պրոռեկտոր Գասպարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման դիմում են ներկայացրել, սակայն ասաց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ միասնական քննության համակարգի ներդրումից հետո կտրուկ նվազել է դիմորդների քանակը. «Իսկ մեզ ձեռք չէր տալիս Երեւանից մասնագետներ բերել, վճարել մի քանի ուսանողի համար»: Գասպարյանի ներկայացրած տվյալների համաձայն, ներկա պահին 11 ուսանող ունեն սովորող, որոնց օրերս ակադեմիական տեղեկանքով տարբեր բուհեր են տեղափոխել: Մայիսի դրությամբ էլ, ըստ Գասպարյանի, 47 ուսանող են ունեցել, որոնցից 28-ն ավարտել է, 19-ից 9-ը՝ տարբեր պատճառներով հեռացել. «Դե ուսման վարձի խնդիր ունեին շատերը»: Մինչդեռ, մեր աղբյուրի հավաստմամբ, խոսքը տասնյակներով ուսանողների հեռանալու մասին է»: