26.11.2024
Ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Վատնվել է շուրջ 900 000 դրամ. պահանջում են «թատերական ինստիտուտի» ռեկտորի հրաժարականը

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողներն դասադուլ են հայտարարել եւ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ռեկտոր Դավիթ Մուրադյանի եւ ղեկավար կազմի հրաժարականը:


Բողոքի ակցիային մասնակցում են նաեւ դասախոսներ: «Խնդիրները շատ են ինստիտուտում, ուսանողները ցանկանում են պատշաճ ուսում ստանալ, որի համար վճարում են», - ասել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Իսրայելյանը: Նա նշեց, որ սատարում է իր ուսանողներին:


ՈՒսանողները հիշեցրին սեպտեմբերի 17 –ին ոստիկանության հայտարարությունն առ այն, որ ինստիտուտում չարաշահումներ են հայտնաբերվել: Ուսանողները նախօրեին հանդիպել են ռեկտորի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել:


Ոստիկանությունը իրականացված միջոցառումների արդյունքում հերթական բացահայտումն է արձանագրվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում»։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։


Պարզվել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ.-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել եւ վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։



Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության եւ միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3 500 000 դրամ աշխատավարձ։


Բացի այդ, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։


Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետեւ ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։


Արդյունքում վատնվել է շուրջ 900 000 դրամ։


Պարզվել է նաեւ, որ 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար եւ վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8 150 000 դրամ։


Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։


Քննությունը շարունակվում է: