Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Խոսրով Հարությունյանը, Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը ռուս գործընկերների հետ քննարկել են հոկտեմբերին Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստերի անցկացմանն ու օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական համագործակցությանը:
Կարեւորվել է բարեկամական խմբերի միջեւ համագործակցության աշխուժացումը, երկուստեք անհրաժեշտ համարվել առկա հարաբերությունների ամրապնդումն ու շփումների ակտիվացումը: Այս նպատակով ռուսական կողմն առաջիկայում նախատեսում է կազմակերպել խորհրդարանական խմբակցությունների երկկողմ հանդիպումներ:
Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տեղի ունեցող գործընթացներին եւ հնարավոր զարգացումներին, Երեւանի ավագանու եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:
Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Անդրանիկ Կարապետյանը:
Պատգամավորն ընդգծել է հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, կարեւորել առկա բազմակողմ կապերի ամրապնդումը, որի համար, ըստ նրա՝ մեծ ներուժ կա:
Լեոնիդ Կալաշնիկովի խնդրանքով Անդրանիկ Կարապետյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանն ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ներկայացրել կուսակցության դիրքորոշումը քաղաքական գործընթացների վերաբերյալ:
Ռուս խորհրդարանականների հաջորդ հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի եւ Լուիզա Սարգսյանի հետ էր:
Հայ օրենսդիրները կարեւորել են ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական փոխգործակցության զարգացումը: Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ բոլոր ջանքերը պետք է գործադրել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին եւ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը:
Քննարկվել է նաեւ տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացումը: