ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համամիտ չէ այն մտքի հետ, թե «օլիգարխների» թիկնազորները «ասֆալտին պառկացնելու» ու «զինաթափելու» գործընթացը շոու է։
«Որեւէ շոու չկա։ Ես իմ գործունեության ընթացքում շոուներով չեմ զբաղվել, առաջնորդվել եմ օրենքով։ Իսկ ովքեր շոուներ են անում, փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, ապա վստահեցնում եմ, որ ոստիկանությունը երբեք այսպես չի աշխատել, ինչպես հիմա», -ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայքարի նոր ալիք բարձրացրեց օլիգարխիայի դեմ։ Նա Ոստիկանության ու ԱԱԾ պետերին հանձնարարական էր տվել «օլիգարխների» թիկնազորները «ասֆալտին պառկացնելու» ու «զինաթափելու» գործընթաց սկսել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականը, որ ոստիկանությունը 2 ժամում պիտի «ռեյդեր» անի, 2 ժամում չարվեց։
Այնուհետեւ համացանցում հայտնվեցին կադրեր, երբ ոստիկանները կանգնեցնում էին օլիգարխների թիկնապահների ավտոմեքենաները եւ խուզարկումներ իրականացնում։ Օսիպյանը նշեց, որ միանգամից են գործի անցել, քանի որ ոստիկանությունը չի կարող վարչապետի հանձնարարականն ուշ կատարել, վարչապետի հանձնարարականներն անմիջապես կատարվում են։
Ինչ վերաբերում է արդյունքներին, Օսիպյաննն ասաց․ «Արդյունքները միշտ էլ կան, մենք առօրյայում էլ ունենք արդյունքներ, բայց բաներ կան, որ մենք չեն լուսաբանում»,- ասաց նա։
Ոստիկանապետը, խոսելով «օլիգարխների» թիկնազորին զինաթափելու, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օլիգարխների թիկնազորին «ասֆալտին պառկեցնելու» հայտարարության մասին՝ նշեց, որ գործընթացը մշտապես շարունակվում է։
«Ոստիկանությունը մշտապես օպերատիվ տեղեկություններ է ստանում, բայց այդ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման, մենք ստուգում ենք օրինականությունը։ Հավատացեք՝ ոստիկանությունը հաճույք չի ստանում որևէ քաղաքացու պատի դեմ տալուց, դեմքը մեքենային կամ պատին հենելուց, դա պարզապես օրինական գործընթաց է։ Այն պայմանավորված է նրանով, որ այդ անձանց մոտ կա զենք, իսկ մենք չգիտենք՝ զենքն օրինական է, թե ոչ, հետևաբար, ստուգել է պետք։ Զինված քաղաքացին մշտապես վտանգ է ոստիկանության աշխատակցի համար, այդ պատճառով էլ ստուգումներն այդ կերպ են լինում»,- շարունակեց Վալերիյ Օսիպյանը։
Վերջինիս խոսքով՝ զենքն առգրավելուց հետո ուղարկվում է համապատասխան փորձագիտության, որպեսզի պարզվի՝ արդյոք նախկինում կատարված հանցագործությունների հետ կապ կա, թե ոչ։
Հարցին, թե օլիգարխների թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու տեսարանները արդյոք շոուներ չեն, նա ընդգծեց, որ տեսանյութերը հիմնականում հրապարակում են լրատվամիջոցները կամ քաղաքացիները, ոչ թե ոստիկանություն։ Վալերիյ Օսիպյանը նաև հավաստիացրեց, որ որեւէ շոու չկա. «Ես իմ գործունեության ընթացքում շոուներով չեմ զբաղվել առաջնորդվել եմ օրենքով։ Իսկ ովքեր շոուներ են անում, փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, ապա վստահեցնում եմ, որ ոստիկանությունը երբեք այսպես չի աշխատել, ինչպես հիմա»։