24.11.2024
Վլադիմիր Գասպարյանը հրամայե՞լ է Մարտի 1-ին կրակել ցուցարարների վրա․ Վալերիյ Օսիպյան
prev Նախորդ նորություն

Քարոզարշավ, օր 5-րդ. «Իմ քայլի» մոխրագույն քաղտեխնոլոգիան, Նիկոլ-Նառա ընտրապայքար

Երևանն ապրում է նախընտրական քարոզչության հինգերորդ օրը:


Թվում էր, թե Երևանի ավագանու ընտրությունները հետհեղափոխական Հայաստանում չեն դառնա ատելության քարոզի, անհավասար պայմաններով անցկացվող հերթական ընտրություններից մեկը, որի ընթացքում թեկնածուները զերծ կմնան անթույլատրելի տեխնոլոգիաներ կիրառելուց ու ընտրակաշառք բաժանելուց: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ բացի ըհնտրակաշառքի դեպքերից մնացած բոլորը, ցավոք, առկա է և ակնհայտ է, որ ընտրական գործընթաց անցկացնելու առումով Հայաստանում գլոբալ փոփոխություններ չեն արձանագրվել:

Հիմնական ընտրապայքարը, ինչպես և ակնկալվում էր, ընթանում է «Իմ քայլը» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև: Քաղաքապետի թեկնածուների անունները այս դեպքում գրելը սխալ է, քանի որ պայքարը, իրականում, ոչ թե Հայկ Մարության-Նաիրա Զոհրաբյանի, այլ Նիկոլ Փաշինյան-Նաիրա Զոհրաբյանի միջև է. սա հստակ ուրվագծվեց հատկապես Նիկոլ Փաշինյանի Դավթաշեն համայնքում տեղի ունեցած ելույթի ժամանակ, երբ սևերի ու սպիտակների բաժանումը հնչեց նաև նրա շուրթերից: Թեպետ ավելի վաղ Հայկ Մարությանի հայտարարությունը, թե «մեր թիմի դեմ խաղ չկա: Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են» ստիպեց թեկնածուին հետո պարզաբանել իր խոսքերը։


Նաիրա Զոհրաբյանը արդեն հայտարարել է, որ նման իրավիճակն անընդունելի է և որ ֆավորիտ ուժերից մեկը քարոզարշավը հստակ փորձում է տեղափոխել քաղաքական դիսկուրսի դաշտ: Մինչդեռ, ընդգծում է նա, երևանցու հետ այս օրերին հարկ է խոսել իր խնդիրների լուծումներից և ոչ թե հետհեղափոխական Հայաստանում շարունակ հակահեղափոխականներ փնտրել: Եվս մեկ անթույլատրելի տեխնոլոգիա, որ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի կողմից մատնանշվում է, դա պարտադրանքի նմանվող ուղորդումն է՝ քվեարկել բացառապես իրենց թեկնածուի օգտին:

«Իմ Քայլը» դաշինքի քարոզարշավը ոչ միանշանակ է ընկալվում նաև փորձագիտական շրջանակներում: Շատերը մատնանշում են, որ անհավասար մրցակցային պայմանները, որ առաջ են քաշվում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին անմիջապես մասնակցությամբ, դրսևորվում են ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ, այլև մյուս ուժերի:

Օրինակ, քաղաքագետ Էդգար Խաչատրյանը գրում է, որ դաշինքը որդեգրել է մոխրագույն քաղտեխնոլոգիան, ինչը նշանակում է, որ այն կիռարելիս օրենք չես խախտում, բայց և մարդկային առումով գործողությունները ոչ միանշանակ են ընդուվում։

«Այս տեխնոլոգիան հիմնականում կիրառվում է հիմնական մրցակից համարվողներ ուժերի դեմ։ Այսպես՝ «Իմ Քայլը» դաշինքի ՔՊ-ական ներկայացուցիչները և իրենց պատկանող ֆեյսբուքյան էջերը, սկսել են վիրավորական արտահայտություններ թույլ տալ «Լույս» դաշինքի հասցեին (հիշեցնեմ, որ այս պահին ԱԺ-ում դեռ գործում է ԵԼՔ խմբակցությունը)»,- գրել է նա Facebook-յան իր էջում։

Խաչատրյանը մատնանշում է քաղտեխնոլոգիայի մեկ այլ, ագրեսիվ պայքարի ևս, որ նկատել է, այն է՝ երբ կողմնակիցները համախմբված հանդես են գալիս պայքարի միտված կոչերով և դիմացինեերին սևացնելով։
«Դրա վառ ապացույցը սև և սպիտակի տարանջատումն է։ Այս շարքն է դասվում նաև. «Ով մեր հետ չէ` հակահեղափոխական է», «Ով Հայկին չընտրի` սև ուժերի կողմնակից է», «Նրանք Սերժի կողղմնակիցներն էին» և այլն»,- հավելում է Խաչատրյանը:

Ի դեպ, նախօրեին Facebook տիրույթում «Իմ քայլ» ու «Լույս» դաշինքի ներկայացուցիչները միմյանց հասցեին մեղադրանքներ էին հնչեցնում, ընդ որում փաստարկված՝ հրապարակելով լուսանկարներ: Նրանք դժգոհում էին, որ մի ուժը իր նախընտրական պաստառը փակցնում է մյուսի պաստառների վրա և հորդորում էին գործընկերներին իրենց մեջ պարզել այդ խնդիրն ու ձեռնպահ մնալ նման գործողություններից:

Ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս. Հայկ Մարությանը հրաժարվում է բանավեճից: Նրա հրաժարման հիմնավորումն այն է, որ ինքը պատրաստ է բանավիճել, բայց միայն բոլոր 12 թեկնածուների հետ միասին, բայց ոչ առանձին-առանձին: Ո՞րն է խնդիրը նման խուսափողականության: Ի վերջո, եթե քարոզարշավի մեջ ես, հանրահավաքներ ես հրավիրում… թեպետ այս հարցը հռետորական էր, հաշվի առնելով, որ իր հանրահավաքներում ելույթ է ունենում բոլորովին այլ անձ, ով, հիշեցնենք, քաղաքապետի թեկնածու չի հանդիսանում: