23.11.2024
Հայաստանի հարցը կքննարկվի ԵԽԽՎ-ում. երկիրը կարող է վերցվել մոնիտորինգի տակ
prev Նախորդ նորություն

Սկանդալային գաղտնալսումը նախատեսվածից շո՞ւտ է հրապարակվել, հետո՝ ջնջվել համացանցից

Ըստ Google որոնողական համակարգի, Ռոբերտ Քոչարյանի մերձակա շրջապատին պատկանող Yerevan.today կայքը դեռեւս երկու օր առաջ, այն է՝ սեպտեմբերի 10-ին, հրապարակել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը:


Այնուհետեւ այն հեռացվել կամ ջնջվել է կայքից, սակայն Googlе որոնողական համակարգում պահպանվել է հրապարակման նկարն ու փրուֆ լինքը։ Սակայն այստեղ կա մի խնդիր, ըստ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի. շատ հնարավոր է, որ խնդիրը Googlе որոնողական համակարգինն է, քանի որ քեշերում նորմալ ժամանակ է ցույց տալիս:


 


Պարզվում է նաեւ, որ Yerevan.today-ից ավելի վաղ, շուրջ հինգ օր առաջ, այն է՝ սեպտեմբերի 7-ին, ըստ Google որոնողական համակարգի տվյալների, այդ ձայնագրությունը հրապարակել է նաեւ hraparak.am-ը: Googlе որոնողական համակարգում պահպանվել է հրապարակման փրուֆ լինքը: Նույն խնդիրն այստեղ է, քանի որ կրկին քեշերում նորմալ ժամանակ է ցույց տալիս: "Գուցե գործ ունենք Googlе-ի գլյուկերի հետ", - մեզ հետ զրույցում նշում է Սամվել Մարտիրոսյանը:



Հիշեցնենք, որ համացանցում հայտնի ձայնագրությունը հայտնվեց սեպտեմբերի 11-ին: Այսինքն՝ hraparak.am-ը եւ Քոչարյանին լոյալ Yerevan.today կայքն այն ունեցել եւ գուցե սխալմամբ հրապարակել են նախատեսվածից օրեր առաջ, կամ իսկապես Googlе որոնողական համակարգի խնդիրների պատճառով է այսպիսի խառնաշփոթ ստեղծվել: Ձայնագրությունում, ինչպես հայտնի է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը խոսում են Մարտի 1-ի գործի շրջանակներում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու խնդիրն:


Ավելի վաղ հայտնել էինք, որ գաղտնալսված ձայնագրության «բնօրինակը» Youtube է ներբեռնվել սեպտեմբերի 5-ին, բայց ակներեւաբար, փաբլիք է դարձել այսօր, կեսօրին մոտ: Առաջինը նույն ալիքից տեսանյութը կայքում տեղադրել է 168.am-ը (13.30), դրանից հետո՝ Politik.am-ը (13:39), Yerkir.am-ը (13.48), Iravunk.com-ը (13.52), Lurer.com-ը (14.01), Tert.am-ը (14,31), Para TV-ն եւ այլք: Ընդ որում, եթե փաստացի սկզբնաղբյուր 168-ը կայքում տեղադրել է հենց բնօրինակ ալիքի տեսանյութը, ապա մնացածները, հիմնականում, ներբեռնել են ու յութուբում հրապարակել են իրենց ալիքներով:


Իսկ բնագրի ալիքը, ինչպես ենթադրելի է, դասական ֆեյք է. broska333 անունով ալիքում ընդամենը երեք տեսանյութ կա բեռնված: Առաջինը բեռնվել է 2011-ի մարտի 21-ին, երկրորդը՝ 2012-ի մարտի մեկին, երրորդն էլ սա է: Առաջին երկուսը ինչ-որ անհասկանալի երաժշտական կլիպեր են:


broska333 ալիքը, նշում է Սամվել Մարտիրոսյանը, դեռ 2011 թվականին է ստեղծվել։ «Կամ սա շատ երկար քնած ֆեյք ալիք է, կամ դրան կոտրել են եւ օգտվել դրանից։ Սակայն, ամենայն հավանականությամբ, իսպանացի երիտասասրդ գեյմերի ալիք է։ Ինչու են կոտրել ու դրանով տեսանյութը քցել, այլ ոչ պարզապես ստեղծել ալիք էդ պահին՝ անհասկանալի է», - նշում է նա։


Սեպտեմբերի 8-ի գիշերը, նա խոսքով, սկսել են տարածել ցանցով։ «Թվիթերում գնացել է նորաստեղծ ֆեյքերի միջոցով, օրինակ՝ ArasVaeda, ziecki: Սրանք իբր լեհեր են։ Զուգահեռ քցել են Reddit սոցցանց նորաստեղծ ֆեյքի միջոցով ֊ Baboor223։ Երկու դեպքում էլ տարածումը չի հաջոցվել։ ՈՆթադրում եմ, որ սկզբից ենթադրվել ա անգլիալեզու լսարանի վրա տանել, հետո դրսից բերել ներս։ Բայց չի գնացել», - նշում է մեդիա փորձագետը։


Ըստ էության, ձայնագրությունը պատրաստել ու ներբեռնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ։ Հրապարակել, այն է՝ հրապարակային դարձրել նրա այցից հետո։


Facebook-ում նաեւ վարկածներ են շրջանառվում, որ գաղտնալսումը կարող են իրականացրած լինել ռուսաստանյան հատուկ ծառայությունները։ Այդ վարկածի կողմնակիցները մատնացույց են անում այն հանգամանքը, որ թեպետ խոսակցությունը տիտրերով թարգմանվում է անգլերեն, սակայն տեղ-տեղ բառերը գրվում են ռուսերեն լեզվի տրամաբանությանը համահունչ։ Օրինակ՝ Սահակյան-Саакян-Saakyan, Հարությունյան-Арутюнян-Arutyunyan, Հրաչ- Грач-Grach, Վահե-Ваге -Vage. Բոլոր բառերում անգլերեն H տառը չի գրված, քանի որ այն ռուսերենում չկա։


Միեւնույն ժամանակ կասկածներ կան, որ «ռուսականացված տրանսլիտով» անունները հատուկ են այդպես գրված, որ «սլաքները ռուսների վրա գնան»։