Հայաստանի հարցը կքննարկվի ԵԽԽՎ-ում. երկիրը կարող է վերցվել մոնիտորինգի տակ
Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները։
Այս մասին իր Facebook-յան էջում տեղեկացնում է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյան: «Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ», - ասված է Արփինե Հովհաննիսյանի գրառման մեջ։