26.11.2024
Կամերունից, Մոնղոլիայից, Բենինից. Արցախ այցելողների աշխարհագրությունն ընդլայնվել է
prev Նախորդ նորություն

Հայաստանի շահերը ամուր կապված են Ռուսաստանի հետ. Արմեն Գրիգորյան

ՀՀ և ՌԴ համագործակցությունը անվտանգության գծով լիովին համապատասխանում է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ոգուն: Այս մասին «Ноев Ковчег» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:  


«Մեր փոխգործակցությունը ներառում է հարցերի լայն շրջանակ, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում: Խոսքը, մասնավորապես, ռազմա-տեխնիկական և ռազմա-տնտեսական հարցերի խորացման, ՀԱՊԿ շրջանակում համագործակցության ընդլայնման, տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման մասին է, ինչպես նաև ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման և երկու երկրների անվտանգությանը վերաբերող այլ հարցերի մասին»,- ասել է նա: 


Գրիգորյանի խոսքով, չկա որևէ փաստարկ հօգուտ այն պնդման, թե արտաքին քաղաքականությունում Հայաստանը փոխել է կուրսը.  


«ՀՀ արտաքին քաղաքական կուրսը նույնն է: Մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Իսկ անվստահության հարցը ժամանակի խնդիր է: Մենք ակտիվ աշխատում ենք մեր ռուս գործընկերների հետ և առաջիկայում բոլոր հարցերը կհանվեն»,- նշել է Գրիգորյանը:


Միևնույն ժամանակ նա մատնանշել է այլ խնդրի՝ կարծրատիպային: Օրինակ, եթե անձը կրթություն է ստացել Արևմուտքում կամ աշխատել միջազգային ինչ-որ կազմակերպություններում, ապա անպայման պետք է լինի հակառուսական տրամադրվածությամբ: Ըստ Գրիգորյանի՝ իրենք վերացրել և շարունակում են վերացնել այդ կարծրատիպերը:


«Ռուսաստանում էլ քիչ չեն մարդիկ, որոնք կրթություն են ստացել արևմտյան երկրներում, բայց նրանք ոչ պակաս հայրենասեր են: Այդպես է նաև մեր թիմում, կան մարդիկ, որ արևմտյան կրթություն են ստացել, բայց մեծ հայրենասերներ են: Մենք չունենք ո՛չ հակառուսական, ո՛չ հակաեվրոպական մոտեցումներ, ունենք միայն պրոհայկական մոտեցումներ: Մենք պետականամետ ենք և ելնում ենք Հայաստանի շահերից: Իսկ Հայաստանի շահերը ամուր կապված են Ռուսաստանի հետ և մենք ելնում ենք դրանից: Հայաստանի անվտանգությունը, որոշ իմաստով՝ տնտեսությունը կապված են ՌԴ հետ»,- ընդգծել է նա: