Կրեմլում ակնկալում են լուրջ զրույց Պուտինի և Փաշինյանի միջև
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Մոսկվայում անկեղծ զրույցում կքննարկեն կուտակված հարցերը, այդ թվում և համատեղ գործակցությունը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմի մոտ, այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք անկեղծ, լուրջ խոսակցություն բոլոր հարցերով, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ գործընկերությանը միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում», - ասել է նա:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև գործակցությունը եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում:
Սեպտեմբերի 8-ի հանդիպումը կլինի ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի երրորդ հանդիպումը։ Առաջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Սոչիում մայիսի 14-ին ՝ ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացել է հունիսի 13-ին Մոսկվայում՝ Փաշինյանն այցելել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի առաջիկա հանդիպմանը, ասել էր. «Առաջիկայում նախատեսված է ՌԴ նախագահ Պուտինի և ՀՀ վարչապետ Փաշինյանի ևս մեկ հանդիպում: Կարծում եմ, որ մեզ համար կարևոր կլինի լսել, թե ՀՀ նոր առաջնորդն ինքն ինչպես է գնահատում իրավիճակի զարգացման հեռանկարներն իր երկրում:
Անշուշտ, մեզ համար բոլորովին էլ միևնույն չէ, թե այդ իրավիճակում ինչպես են Հայաստանում դիտարկվում ՀԱՊԿ առջև պարտավորությունները: Մենք ելնում ենք այն իրողությունից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք պետք է կատարվեն ամբողջապես, այդ թվում այն ուղղությամբ, որն առնչվում է մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությանն ու վարկի ամրապնդմանը»: