Լիբանան-Հայաստան. շահերի մերձեցում ապակայունացման վտանգի ֆոնին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն մարտի 10-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և հյուրերին ներկայացրել համագործակցության հնարավոր առաջնահերթ ուղղությունները:
Լիբանանյան կողմը նույնպես կարևորել է երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունները համագործակցային դաշտ տեղափոխելու պատրաստակամությունը: Նախորդ տարի հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը ժամանել է Լիբանանի իր տեղակայման վայրը: Լիբանանում հայ խաղաղապահները մասնակցելու են ՄԱԿ-ի UNIFIL (United Nations Interim Force in Lebanon) առաքելությանը՝ իտալական հրամանատարության ներքո: Հայկական ստորաբաժանումը ապահովելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգությունը:
ՄԱԿ-ի UNIFIL-ի ուժերի ստեղծվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ 1978թ.-ին և այդ ուժերի նպատակն էր վերահաստատել իսրայելական զինուժի դուրսբերումը Լիբանանի հարավից, ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը Լիբանանում, ինչպես նաև նպաստել Լիբանանի կառավարությանը արդյունավետ վերահսկողություն հաստատել հարավային շրջանների նկատմամբ: 2006թ.-ին Անվտանգության խորհուրդը ավելացրեց այդ ուժերի քանակը և նրանց պարտականությունների մեջ մտավ նաև քաղաքացիական անձանց համար հումանիտար օգնության տրամադրումը:
Լիբանանը կարևոր երկիր է Հայաստանի համար, և արաբական աշխարհում իր կարևորությամբ չի զիջում Սիրիային: Չպետք է մոռանալ, որ այդ երկրում բնակվում է բավականին մեծաքանակ հայկական համայնք, որը սիրիահայերի արտագաղթի պարագայում՝ սիրիական ճգնաժամի և քաղաքացիական պատերազմի հետևանքով, այժմ համարվում է Մերձավոր Արևելքում հայկական գործոնն ապահովող կարևորագույն համայնքը:
Լիբանանահայ համայնքը մինչև 1970-ական թվականների կեսերը մոտ 250-300 հազար էր: Քաղաքացիական երկարատև պատերազմի ու դրա հետևանքով առաջացած անապահովության ու տնտեսական տևական ճգնաժամերի հետևանքով այդ թիվը կրճատվել է հասնելով շուրջ 140-150 հազարի: Անշուշտ հաճախ տրվում են թե ավելի մեծ և թե ավելի փոքր թվեր, սակայն դրանք հիմնված չեն մարդահամարների վրա: Լիբանանը հայ եկեղեցական խոշորագույն կենտրոններից է: Այնտեղ են գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոսի և Մերձավոր Արևելքի ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահի նստավայրերը:
Բեյրութում է գտնվում Սփյուռքում միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունը` Հայկազյան համալսարանը:
Այս պահին Լիբանանը կանգնած է հարևան Սիրիայի որոշ շրջաններ իրենց վերահսկողության տակ պահող իսլամիստների հարձակումների վտանգի առջև, ինչը կարող է սիրիական քաղաքացիական պատերազմը տեղափոխել բազմազգ և բազմակրոն Լիբանան, որն իր պատմության ընթացքում ունեցել է քաղաքացիական դաժան պատերազմի փորձը՝ 1975-1990 թթ: Սիրիային սահմանակցող 4 մլն բնակչություն ունեցող Լիբանանը սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր ընդունել է 1.300.000 սիրիացի փախստական, որոնց 70 %-ը կանայք և երեխաներ են, 30 %-ը՝ տղամարդիկ:
Սիրիական ճգնաժամի հետևանքով Լիբանանում փախստականների ներհոսքի շնորհիվ ավելացել է սունիների թիվը, ինչը անհանգստացնում է էթնոկոնֆեսիոնալ փխրուն բալանսը պահպանող լիբանանյան ղեկավարությանը: