Վրաստանում աճել են սննդամթերքի ու տրանսպորտի գները
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա օգոստոսին գնաճը կազմել է 3.1%՝ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Ինչպես նշում է apsny.ge կայքը, երկրում էապես աճել են որոշ մթերքների, ալկոհոլի, ծխախոտի, ինչպես նաև կոմունալ ծառայությունների գները:
Աղբյուրը նկատում է, որ տարվա կտրվածքով արձանագրված գնաճն առավել շատ է անդրադարձել տրանսպորտի ոլորտի վրա: Նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատ այս տարի տրանսպորտի գներն ավելացել են 7.8%-ով:
Ինչ վերաբերում է մթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գներին, ապա դրանք աճել են 3.2%-ով: Մասնավորապես՝ թանկացումներ են նկատվել բանջարեղենի, կաթնամթերքի, կարագի, մսի դեպքում: Մինչդեռ մրգերի, շաքարավազի ու քաղցրավենիքի գները նվազել են:
Ծխախոտի ու սպիրտային խմիչքների գինը տարվա ընթացքում աճել է 4.7%-ով, իսկ կոմունալ ծառայություններինը՝ 3.4%-ով: