23.11.2024
Վրաստանում մեկնարկել են Agile Spirit-2018 զորավարժությունները
prev Նախորդ նորություն

Որքա՞ն է Ճապոնիան աջակցել ՀՀ-ին․ 300 մլն դոլարի վարկ, 79 մլն դոլարի դրամաշնորհ

Այսօր շատ կարեւոր, լավ օր է հայ-ճապոնական հարաբերություններում: Մենք պատիվ ունենք այսօր հյուրընկալելու Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին եւ իր գլխավորած պատվիրակությանը։ Սա, ըստ էության, առաջին այցելությունն է արտաքին գործերի նախարարի մակարդակով: Նախորդ տարի մենք նշեցինք մեր հարաբերությունների 25-ամյակը եւ այսօր այս այցը հատկանշական է նրանով, որ մենք առիթ ունենք ամփոփելու այն հսկայական եւ բավական հարուստ օրակարգը, որ ձեւավորվել է նախորդ 26 տարիների ընթացքում, եւ ուրվագծել այն ուղղությունները, որոնք առաջ են տանելու մեր բավական հարուստ եւ դինամիկ զարգացող երկկողմ օրակարգը:


Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ճապոնիայի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ ասվում է․


«Մենք արդեն առիթ ունեցանք նախարարի հետ ամփոփելու որոշ հարցեր: Օրվա ընթացքում գործընկերս առիթ է ունենալու նաեւ հանդիպելու Հանրապետության վարչապետին եւ նախագահին: Նա կլինի ԹՈՒՄՈ կենտրոնում: Մենք առիթ կունենանք երեկոյան շարունակելու երկխոսությունը, որպեսզի լավագույնս օգտագործենք այս առիթը եւ քննարկենք հարցերի հնարավորինս լայն շրջանակ: Ես նաեւ շնորհակալ եմ նախարարին, որ առավոտյան նա այցելեց Ցեղասպանության հուշահամալիր եւ իր հարգանքի տուրքը մատուցեց մեր նահատակներին:


Ինչպես նշեցի, մեր երկկողմ օրակարգը 26 տարիների ընթացքում բավական զարգացել է եւ բավական հագեցած է: Մենք չափազանց բարձր ենք գնահատում Ճապոնիայի մշտական ներկայությունը Հայաստանի զարգացման օրակարգում: Աջակցությունը, որ այս տարիների ընթացքում ցուցաբերվել է Հայաստանին, բավական զգալի է: Միայն ընդհանուր թվերով Ձեզ հիշեցնեմ, որ այս շրջանում շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկեր են տրամադրվել Հայաստանին, շուրջ 79 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհներ, մոտ 11.5 մլն ԱՄՆ դոլար՝ տեխնիկական աջակցության եւ վերապատրաստման ծրագրերի համար: Սա շարունակական օրակարգ է: Դա զգացվում է մեր առօրյա կյանքում՝ սկսած հրշեջ մեքենաներից Երեւանում եւ շրջաններում, վերջացրած մեր առողջապահական, կրթական եւ մշակութային հաստատություններում, որոնք օգտվել են նման աջակցությունից եւ նման համագործակցությունից: Մենք ունենք 600-ից ավելի մասնագետներ, ովքեր վերապատրաստում են անցել Ճապոնիայում:


Մենք այսօրվա ընթացքում ամփոփեցինք ունեցածը, ինչպես նաեւ ուրվագծեցինք նոր ուղղությունները, որոնք կկարողանանք եւ կցանկանանք զարգացնել: Առավել կցանկանայի շեշտել նորարարությունների ուղղությունը, որը մեր երկրների երկխոսության, համագործակցության ոլորտում կարող է շոշափելի եւ հստակ արդյունք տալ: Պայմանավորվեցինք, որ կշարունակենք միասին ուսումնասիրել ավելի կոնկրետ ուղղությունները, թե ինչպես մենք կհամագործակցենք միասին այս ոլորտում:


Ենթակառուցվածքների զարգացման հարցում մենք միասին կաշխատենք եւ կուսումնասիրենք, թե ինչպես ենք ավելի հստակ արտահայտում մեր համագործակցությանն այդ ոլորտում:


Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցում նույնպես Ճապոնիան ունի իր ներգրավվածությունը: Մենք նաեւ քննարկեցինք համագործակցության ուղիներն այդ ոլորտում, ներառյալ՝ մեր խորհրդարանական ընտրությունների համատեքստում:


Մենք ունենք երկկողմ հարաբերությունների ձեւավորված իրավական շրջանակ, որը նույնպես շարունակելու ենք զարգացնել:


Ուշադրություն դարձրեցինք նաեւ մարդկային շփումներին, որը հիմքն է ցանկացած միջպետական հարաբերությունների: Գիտեք, որ Հայաստանն արտոնյալ ռեժիմ է սահմանել Ճապոնիայի քաղաքացիների, ճապոնական անձնագիր ունեցող անձանց համար, ովքեր կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Հայաստան: Ակնկալում ենք, որ Ճապոնիայի կողմից նույնպես կարվեն քայլեր, որոնք հնարավորություն կտան դյուրացնելու հայ քաղաքացիների այցելությունները Ճապոնիա: Մենք հույս ունենք, որ ոչ շատ հեռու ապագայում մենք կունենանք նաեւ ուղիղ չվերթ Տոկիոյի եւ Երեւանի միջեւ, միգուցե՝ կապով, բայց սա հարց էր, որին մենք անդրադարձանք մեր զրույցի ընթացքում:


Մենք ունենք գործող դեսպանություններ Տոկիոյում եւ Երեւանում եւ առիթ ունեցանք շնորհակալություն հայտնել մեր դեսպաններին, ովքեր ամենօրյա ռեժիմով ապահովում են մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ սնում մեզ գաղափարներով: Մենք կոչ արեցինք մեր դեսպաններին՝ էլ ավելի ուժեղացնելու ջանքերը, որպեսզի կարողանանք շարունակել զգալ այդ շոշափելի արտահայտումը մեր երկկողմ հարաբերությունների եւ գտնել նման համագործակցությունն էլ ավելի ընդլայնող ուղիներ:


Մենք, բնականաբար, խոսեցինք նաեւ միջազգային օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցերի մասին: Ես անդրադարձա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ ներկայացրի այն շրջանակը, որով Հայաստանը ներգրավված է բանակցային գործընթացում, ընդգծեցի շեշտադրումը հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծման հարցում, բացառապես բանակցությունների միջոցով, բացառապես միջազգային ճանաչված եւ աջակցություն ստացող Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ես, բնականաբար, անդրադարձա նաեւ խաղաղությանը նպաստող պայմանների ձեւավորմանը, եւ այդ հարցին տրվեց առավել մեծ նշանակություն: Ընդգծեցի նաեւ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող Արցախի անվտանգության եւ կարգավիճակի գերակայությունները:


Մենք անդրադարձանք օրակարգային տարբեր այլ հարցերի, մասնավորապես, զարգացումներին Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Ասիայում: Բավական արդյունավետ ենք համագործակցում այս հարցերի շուրջ: Մենք նաեւ հաջող համագործակցության պատմություն ունենք՝ միասին աշխատելով միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում: Մենք միմյանց աջակցում ենք տարբեր ձեւաչափերով՝ ինչպես տարբեր մարմիններում ընտրությունների, այնպես էլ այդ հարթակներում աշխատանքի ժամանակ: Ճապոնիան վերջերս Անվտանգության խորհրդի անդամ դարձավ, եւ ես եւս մեկ անգամ ողջունեցի եւ շնորհավորեցի գործընկերոջս՝ բավական հաջող երկամյա անդամակցության կապակցությամբ: Սա զուտ մեկ օրինակ է, որով ցանկացա կիսվել Ձեզ հետ:


Կան տարբեր այլ բնագավառներ, որտեղ մենք աշխատում ենք միասին՝ թե՛ միջազգային, թե՛ երկկողմ համատեքստում: Մենք աշխատելու բավական կարեւոր ոլորտ ունենք: Դա բնական աղետների ռիսկերի նվազեցման ուղղությունն է, որտեղ թե՛ միջազգային օրակարգի շրջանակներում նույնպես միասին ենք աշխատում, թե՛ երկկողմ մակարդակով փորձում ենք միմյանց օգտակար լինել, որովհետեւ երկու ժողովուրդները բավական ծանոթ են բնական աղետների հետեւանքներին եւ գիտակցում են կարողությունների զարգացման նշանակությունը նման հարցերում:


Թերեւս, այսքանը: Փորձեցի ամփոփել այն ամբողջ ծավալը, ինչի մասին խոսում էինք, ծրագրում էինք խոսել, եւ ինչը ձեւավորում է մեր շարունակական օրակարգը: Այսքանով կսահմանափակվեմ եւ խոսքը կփոխանցեմ Ձեզ»: