25.11.2024
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան. Կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը շփման գծում
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Հայաստանն ավելացնում է վարկային "բեռը"

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կմասնակցի ՀՅԴ համամասնական ցուցակով: Ռուբեն Հակոբյանը վաղեմի դաշնակցական է, և գործող խորհրդարանում էլ իրեն ավելի շատ դրսևորում էր որպես ՀՅԴ ներկայացուցիչ, քան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, քանի որ իր հայացքներով ու քվեարկություններով ավելի շատ էր հակասության մեջ մտնում «Ժառանգության» հետ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրության նոր նախագծին դեմ քաղաքական ուժերը ձեւավորել են «ՈՉ»-ի ճակատ, որում ընդգրկված են ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները: «Ժողովուրդ»-ն արդեն մի քանի օր է, փորձում է ԱԺ ՕԵԿ խմբակցությունից պարզել՝ իրենք պատրաստվում են միանալ «Ոչ»-ի ճակատին, թե ոչ: Ինչպես հայտնի է՝ ՕԵԿ-ն իրեն հռչակել է «փիս» ընդդիմություն: Սակայն ՕԵԿ-ական պատգամավորներից մեկնաբանություն ստանալու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Իսկ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն էլ հայտարարեց, թե ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արդեն պատասխանել է այդ հարցին, եւ հղում արեց ինչ-որ լրատվամիջոցների: Իսկ Բիշարյանի տեսակետն այսպիսինն է. «Քննարկումների ավարտից հետո, երբ նախագիծը կդրվի վերջնական քվեարկության, «Օրինաց երկիր» կուսակցությունը կարտահայտի իր վերջնական քաղաքական դիրքորոշումը եւ, բնականաբար, կորոշի, թե որ ճակատում, ինչ եղանակներով, ինչպես կշարունակի իր քաղաքական պայքարը»: Մի խոսքով, դաժան ընդդիմադիր կեցվածք»:

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Միջազգային ֆինանսական կազմակերպությունների և վարկատուների նկատմամբ Հայաստանի արտաքին պարտավորությունները սեպտեմբերի սկզբի դրությամբ առաջին անգամ հատեցին 4 մլրդ դոլարի սահմանագիծը։ Երկրի արտաքին պարտքը կազմեց 4 մլրդ 68 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 283 մլն դոլարով։ Սակայն դա դեռ ամբողջը չէ։ Արդեն ստորագրվել են մի շարք վարկային համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է ներգրավել մի քանի հարյուր միլիոն դոլար։ Այդ թվում՝ նաև ռուսական 200 մլն դոլարանոց ապրանքային վարկը, որով նախատեսվում է համալրել մեր երկրի սպառազինությունների բազան։ Այս վարկի օգտագործումը դեռ չի սկսվել։ Ուստի այն պարտքի ցուցանիշներում ներառված չէ։ Այնպես, ինչպես ատոմակայանի վերազինման նպատակով ստորագրված 270 մլն դոլարանոց վարկը»:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ՝ ԱԺ աշխատանքների մեկնարկի առաջին օրը, ԲՀԿ-ական տարբեր պատգամավորներ խուսափում էին լրագրողներին հստակ պատասխանել՝ ի վերջո իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ սահմանադրական փոփոխություններին: Չնայած այս անորոշ վիճակին՝ այնուամենայնիվ երեկ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն իր կարծիքը հրապարակային կհնչեցնի հոկտեմերի 5-ից հետո միայն: Մինչ ԲՀԿ-ն շարունակում է գաղտնի պահել իր ծրագրերը, քաղաքական-հասարակական շրջանակնները գիտեն՝ ԲՀԿ-ն «ոչ» չի ասելու սահմանադրական բարեփոխումներին: Հիշեցնենք, որ խոսքն այն կուսակցության մասին է, որ ոչ վաղ անցյալում ամենաբարձրն էր բղավում, թե Հայաստանում չկա սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, քանի որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բացարձակ կապ չունի Սահմանադրության հետ»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Հրապարակվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանխատեսումները, որոնք Հայաստանի համար, մեղմ ասած, հոռետեսական են: Ըստ այդ կանխատեսումների, Հայաստանը տարին կփակի 0,9 տոկոս աճով, իսկ ԵՏՄ-ն ընդհանրապես կարձանագրի 2,4 տոկոս անկում: Հայաստանում կառավարությունը, իսկ ավելի ճիշտ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինտենսիվորեն փորձում է համոզել բոլորին, որ կիսամյակային 4,4 տոկոս տնտեսական աճ կա: Եթե կիսամյակային 4,4 տոկոս աճ կա, ապա առնվազն զարմանալի է, թե ուր է ցնդելու այդ աճը երկրորդ կիսամյակում, ըստ ԵՏՄ հանձնաժողովի կանխատեսումների: Սա նշանակում է, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովը կա՛մ սպասում է, որ երկրորդ կիսամյակում Հայաստանի տնտեսության համար լուրջ ցնցումներ են լինելու, եւ 4,4 տոկոս կիսամյակային աճից մնալու է ընդամենը 0,9 տոկոսը, կամ էլ ԵՏՄ հանձնաժողովը Հայաստանում ոչ մի 4,4 տոկոս աճ էլ չի արձանագրել, եւ եղածը ընդամենը հիմք է տալիս կանխատեսել 0,9 տոկոս աճ՝ տարեկան կտրվածքով:

Այսինքն՝ այսպես թե այնպես, ԵՏՄ տնտեսական հանձնաժողովը, ըստ էության, խաչ է քաշել Հովիկ Աբրահամյանի լավատեսության եւ, այսպես ասած, անձնական վիճակագրության վրա: Ըստ որում՝ խնդիրն այն է, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում նաեւ հայաստանյան պատվիրակներ են աշխատում: Եվ բոլորովին վերջերս, օրինակ, հայտնի էր դարձել, որ նրանք մոտ 12 հազար դոլար աշխատավարձ են ստանում ամսական: Հետաքրքիր է, թե ԵՏՄ հանձնաժողովի կանխատեսումների վերաբերյալ, մասնավորաբար՝ Հայաստանի մասով, հայաստանյան պատվիրակներն ի՞նչ են մտածում: Այսինքն՝ նրանք մտածում են այնպես, ինչպես Հովիկ Աբրահամյա՞նը, թե՞ այնպես, ինչպես ԵՏՄ հանձնաժողովը: Համենայն դեպս, ստացվում է, որ հայաստանյան պատվիրակներն էլ մասնակից են Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները, այսպես ասած, ջրի երես դուրս բերելու գործընթացին: Եվ եթե տարվա վերջում տնտեսական ցուցանիշներն այլ լինեն, ապա, ըստ էության, պետք է առաջանա հայաստանյան պատվիրակներին փոխելու խնդիր: Դե, իսկ եթե ԵՏՄ կանխատեսումներն արդարանան, ապա անխուսափելիորեն պետք է առաջանա Հովիկ Աբրահամյանին փոխելու խնդիր»: