25.11.2024
Կառավարության ադապտացիոն շրջանն ավարտված է. վարչապետը գործադիրից արդյունքներ պահանջեց
prev Նախորդ նորություն

Հրազդանում կստեղծվի թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հրազդանում կստեղծվի ազատ տնտեսական նոր գոտի: Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն դրա կազմակերպիչ է ճանաչվել «ԷԿՈՍ» ՓԲԸ-ն: 


Կազմակերպության կողմից ներկայացված ծրագիրը նախատեսում է մինչև 2043 թվականը այդ տարածքում ներգրավել 200 շահագործողի, ընդ որում, մինչև 2021 թվականը՝ 50 շահագործողի: Ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ և 300 նոր աշխատատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները: Կազմակերպիչը մինչև 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021 թվականը 15 մլն դոլարի, իսկ հետագա տարիների համար ևս 30 մլն դոլարի ներդրում:


ԱՏԳ-ն երկու հիմնական տարածք է ունենալու՝ Հրազդանում՝ 4,3 հա չափով և գրասենյակային տարածք Երեւանում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով, Հրազդանում կլինի մայնինգի կենտրոն՝ կիրականացվի բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեություն, տվյալների մեծ զանգվածների ամպային հաշվարկման և ամպային տեխնոլոգիաների առավել լայն օգտագործում ու սրանով պայմանավորված առավել լայն հնարավորություններ.


«Սա կլինի Հայաստանում թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին»,- ասաց նախարարը:


Մինասյանը նաև նշեց, որ նախագծի նպատակն է ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, բարձրացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը, նոր աշխատատեղեր ստեղծել և խթանել կայուն տնտեսական զարգացումը:


Նշենք, որ ԱՏԳ-ն կգործի Գործարանային, 1 հասցեում գտնվող տարածքում: Դրա գործունեության ժամկետը սահմանվել է 25 տարի: