25.11.2024
Ամերիկյան «Լիդիան»-ն Ամուլսարում ապօրինի արդյունահանում է իրականացրել. հարուցվել է քրգործ
prev Նախորդ նորություն

Կառավարության ադապտացիոն շրջանն ավարտված է. վարչապետը գործադիրից արդյունքներ պահանջեց

«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի նոր կառավարության համար ադապտացիոն շրջանը համարվում է ավարտված: Ուստի այժմ շատ լրջորեն պետք է զբաղվել բարեփոխումների լայնածավալ գործողություններով: Այս մասին կառավարության օգոստոսի 30-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա վստահ է, որ այդ բարեփոխումներն իրենց հերթին տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, լիցք և ալիք կբերեն Հայաստան: Փաշինյանը կարեւորեց այն, որ պետք է արձանագրել բարեփոխումների «մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները»:


«Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումներն, այսպես ասած, ցավոտ գործընթաց են: Բայց ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Այս համատեքստում նա շեշտեց, որ Հայաստանում արդեն կա կառավարման նոր համակարգ, ուղիղ ժողովրդի կառավարում է երկրում, և բոլոր քայլերը պետք է բխեն այս տրամաբանությունից: «Առաջին քայլն այն կլինի, որ արդեն հաջորդ շաբաթվանից Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ երկխոսություն կսկսեն հանրության հետ», - ասաց նա:


«Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, ափալ-թափալ, թելադրված, չմտածված, դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ»,- հայտարարեց նա:


Այսպիսով վարչապետն ազդարարեց աշխատանքի նոր փուլի մեկնարկը: «Ես բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն և հաջողություն»,- հավելեց նա: