26.11.2024
Թուրքիան ցանկանում է ռազմաբազա կառուցել Հյուսիսային Կիպրոսում
prev Նախորդ նորություն

Թուրքիայից Գերմանիա վերադարձած լրագրողը հիշեցրել է թուրքական բանտերում ընկերների մասին

Գերմանացի լրագրող Մեշալե Տոլուն Գերմանիա է վերադարձել այն բանից հետո, երբ Թուրքիայում դատարանը չեղարկել է երկրից նրա մեկնելու արգելքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Տոլուն, որն աշխատում էր ETHA ձախամետ լրատվական գործակալությունում, անցյալ տարվա մայիսին ձերբակալվել է Թուրքիայում «ահաբեկչության քարոզման» մեղադրանքով, դեկտեմբերին նրան ազատ էին արձակել երկրից չմեկնելու վերաբերյալ ստորագրությամբ:

Լրագրողը ապրիլի 20-ին հայտնել էր, որ Թուրքիայում դատարանն իր համար չեղարկել է երկրի սահմաններից հեռանալու արգելքը: Փետրվարին Թուրքիայի իշխանություններն ազատել էին գերմանացի մեկ այլ լրագրող Դենիզ Յուջելին, որը մեկ տարի ձերբակալված էր համանման մեղադրանքով:

Թուրքիայի իշխանությունների կողմից Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունները խիստ վատացրել էին երկու երկրների հարաբերությունները:

Ինչպես գրում Է թերթը, Գերմանիա ժամանելուց հետո Տոլուն հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում հայտարարել է, թե հարյուրավոր իր գործընկերներ, ընդդիմադիրներ և ուսանողներ դեռևս մնում են բանտերում: Ուստի, նրա խոսքով, ինքը չի կարող լիարժեք ուրախանալ իր վերադարձի համար:

«Որովեհետև ես գիտեմ, որ այն երկրում, որտեղ ես գտնվում էի կալանքի տակ, ոչինչ չի փոխվել», - ասել է Տոլուն:

Նա նաև հայտարարել է, թե մտադիր է կրկին ուղևորվել Թուրքիա, որպեսզի ներկա գտնվի իր դեմ շարունակվող դատաքննություններին: