22.11.2024
Գերմանիան Հայաստանի համար շատ կարեւոր գործընկեր է. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

ՀՀ հարաբերությունները Գերմանիայի և ԵՄ հետ կարող են ավելի լավը լինել. Անգելա Մերկել

Այս պատմական այցի արդյունքներով կոնկրետ գործողությունների համատեղ օրակարգ կունենանք, որը կվերաբերի մի շարք ոլորտների: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո համատեղ ասուլիսում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Գերմանիայի կանցլերի հետ շատ բովանդակալից քննարկումներ են ունեցել, շատ հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները համընկնում են, ինչը ցույց է տալիս, որ հայ-գերմանական հարաբերությունները մեծ պոտենցիալ ունեն: Փաշինայնը նշեց, որ հայ-գերմանական առևտրային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, բայց կարևոր է նաև որակական առումով առաջընթաց մտցնել այդ հարաբերություններում:

Նա նաև նշեց, որ կողմերը արձանագրել են, որ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո վիճակագրությունը վկայում է, որ Հայաստան ավելի շատ մարդ է գալիս, քան հեռանում են: Նիկոլ Փաշինյանը նաև հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում կտրուկ շրջադարձեր չեն լինելու և որևէ երկրի հետ հարաբերությունները չեն հակակշռելու մեկ այլ երկրի հետ հարաբերությունները:

Իր հերթին Անգելա Մերկելը հայտարարեց, որ ուրախ է, որպես Գերմանիայի առաջին կանցլեր առաջին անգամ գտնվել Հայաստանում: Անդրադառնալով Հայաստանի վարչապետի հետ բանակցություններին, Գերմանիայի կանցլերը նշեց, որ խոսել են, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի հարաբերությունները ոչ միայն Գերմանիայի, այլև Եվրամիության հետ: Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները կարող են ավելի լավը լինել:

«Ուրախ եմ, որ Հայաստանին հաջողվել է կնքել համաձայնագիրը ԵՄ հետ: Գերմանիան իր ներդրումը կունենա դրա կիրարկման իրականացման մեջ հայկական կողմին օգնելու հարցում»,- ասաց նա:

Անգելա Մերկելը անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել են, որ Գերմանիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում.

«Մենք խոսել ենք այն մասին, որ կարևոր է լուծել այդ հակամարտությունը լավ մթնոլորտում և Գերմանիան պատրաստ է այդ առումով աջակցել Հայաստանին»,- ասաց նա:

Ըստ նրա՝ եթե մարդիկ չեն խոսում, ապա հակամարտությունները չեն լուծվում:

Նիկոլ Փաշինյանը ավելացրեց, որ Գերմանիան լիարժեք կերպով աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և կարևոր է, որ Գերմանիայի կանցլերի մոտ կա ըմբռնում, որ այդ հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:

Հավելելով իր խոսքը, Անգելա Մերկելը նշեց, որ մի շարք ուղղություններով՝ ռեսուրսների, թվային, կրթական ոլորտում ակնկալում է ավելի խորացված հարաբերություններ: