24.11.2024
Եկամտահարկի նվազեցման 8-9 սցենար կա. ՊԵԿ նախագահ
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԳ նախարարը հրավեր է ուղարկել Ալբերտ Վայլերին՝ կրկին այցելելու Արցախ

Ադրբեջանի ԱԳՆ կողմից պատրաստվող՝ Արցախ այցելած օտարերկրացիների «սև ցուցակը» կոպտորեն խախտում է ազատ տեղաշարժի և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, որի միջոցով ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրությանը պարտադրել իր միակողմանի և խեղաթյուրված տեսակետը։ Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:


«Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի նման գործողությունները և կարծում ենք, որ եթե դրանք հետագայում ևս պատշաճ գնահատականի չարժանանան միջազգային հանրության կողմից, ապա ժամանակի ընթացքում ավելի բարդ է լինելու Բաքվին վերադարձնել կառուցողական դաշտ։ Հասունացել է Ադրբեջանի ապակառուցողական քայլերը զսպելու միջազգային մեխանիզմների մշակման ժամանակը։


Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հրավեր է ուղարկել Ալբերտ Վայլերին՝ կրկին այցելելու Արցախ իրեն հարմար ցանկացած ժամանակ` «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի հետ համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար։ Վստահ ենք, որ խորհրդարանականների և այլ պաշտոնյաների այցերն Արցախ, ի հեճուկս Բաքվի «սև ցուցակի», դառնալու են կարևոր ազդակ՝ առճակատումն ու մեկուսացումը որպես տարածաշրջանային խնդիրների լուծման միջոց օգտագործելու անթույլատրելիության մասին։


Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից ընտրված պատգամավոր, «սև ցուցակում» ընդգրկված Ալբերտ Վայլերի մուտքը երկիր, ով Ադրբեջան պիտի ժամաներ տիկին Մերկելի՝ առաջիկայում նախատեսվող Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակներում»,-ասված է հայտարարության մեջ։