Եկամտահարկի նվազեցման 8-9 սցենար կա. ՊԵԿ նախագահ
Եկամտահարկի նվազեցման 8-9 սցենար կա: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Դրանց բոլորի տակ կան թվային հաշվարկներ, որոնք վերաբերում են նրան, թե կոնկրետ եկամտային հարկի նվազեցման արդյունքում յուրաքանչյուր սցենարի դեպքում ինչպիսի բյուջետային կորուստներ են ենթադրում»,- news.am-ի հաղորդմամբ ասել է նա:
ՊԵԿ նախագահի խոսքով, 2019 թվականի բյուջեով բավականին մեծ եկամուտներ են պլանավորում, հետեւաբար պետք է լինեն հավասարակշռված:
Դավիթ Անանյանը նշեց, որ արդեն սեպտեմբերին կառավարությունում եկամտահարկի մասով կլինի միասնական դիրքորոշում. «Մենք փոփոխությունների գնալու ենք այս տարի, Ազգային ժողովում»:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միկրոբիզնեսի համար, ըստ էության, վերացվելու են հարկերը, Դավիթ Անանյանն ասաց, որ չէր ցանկանա հիմա փակագծեր բացել, որովհետեւ մեկ միասնական դիրքորոշում այս պահին չկա. «Կան միասնական ուղենիշներ, մտադրությունների միասնականացում, ուղղությունները գրեթե միասնական են, բայց թե հարկերի պարզեցման տեսանկյունից, թե միկրոբիզնեսի սահմանման տեսանկյունից, թե շրջանառության հարկի շեմի տեսանկյունից, թե եկամտային հարկի, ընդհանրապես կապիտալի հարկման բեռի նվազեցման տեսանկյունից ուղղությունները միասնական են, բայց սցենարները տարբեր են»: Նա նշեց, որ միկրոբիզնեսի մասով եւս փոփոխությունները լինելու են այս տարի:
«Մենք հանրությանը կներկայացնենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ ուժի մեջ դրանք կարող են մտնել հունվարի մեկից, կամ հաջորդ տարվա կեսից: