VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Առաջիկայում մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու, քանի որ «Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ծրագիրն իրագործած դեսպանները չեն կարող Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն իրականացնել»։ Երեկ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, որ հեռանում է, թեեւ իրականում իշխանությունն է հրաժարվում նրա ծառայություններից։ Մեր աղբյուրներն ասում են, որ արտաքին գործերի նախարարի տեղակալները նշանակվելու են տարբեր երկրներում դեսպան՝ Աշոտ Հովակիմյանը, ամենայն հավանականությամբ, Չեխիայում, որտեղից Տիգրան Սեյրանյանին կտեղափոխեն այլ երկիր։ Դեսպան կնշանակվեն նաեւ Կարեն Նազարյանը եւ Արմեն Պապիկյանը։ Շավարշ Քոչարյանը կմնա իր պաշտոնին, քանի որ, չնայած առաջացած տարիքին, համարվում է ղարաբաղյան բանակցությունների գծով ամենատեղեկացված մարդը։ Հետ կկանչվեն Իտալիայի եւ, բնականաբար, Վատիկանի դեսպանը՝ Միքայել Մինասյանը։ Ռուսաստանի դեսպան Վարդան Տողանյանը թեեւ նշանակվել է 2017-ին, սակայն, ամենայն հավանականությամբ, նույնպես հետ կկանչվի․ նրա աշխատանքից դժգոհ են։ Հայաստան կվերադառնա նաեւ Արա Սահակյանը՝ Ղազախստանում ՀՀ դեսպանը։ Դեռեւս թափուր է Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնը։ Հներից կշարունակեն պաշտոնավարել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, հավանաբար՝ Ֆրանսիայի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Դեսպան կնշանակվի նաեւ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, խոսվում է Նիդերլանդների մասին, թեեւ այնտեղ այս տարեսկզբին է նշանակվել դեսպանը՝ Գարեգին Մելքոնյանը։ Որեւէ ֆրանկոֆոն երկրում դեսպան կնշանակվի նաեւ ԱԳ նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը, ով կոորդինացնում է Ֆրանկոֆոնիայի համաժողովի կազմակերպման աշխատանքները։ Եվ ամենակարեւորը՝ կփոխվի նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, դեսպան կնշանակվի վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր կառավարության օրոք ֆինանսների նախարարությունն աշխատում է չավելացնել Հայաստանի արտաքին պարտքը, հնարավորինս քիչ վարկեր վերցնել, հրաժարվում է միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող աջակցությունից: Որոշ դեպքերում նույնիսկ կասեցվում են նախորդ կառավարության կողմից նախապատրաստված վարկային ծրագրերը: Մեր տեղեկություններով, վերջերս մի այդպիսի ծրագիր է կասեցվել, որը պետք է իրագործվեր մոտ 1 մլն դոլարի վարկային միջոցներով: Մենք փորձեցինք ճշտել նախարարությունից, թե ինչ ծրագրի մասին է խոսքը, որը նախապատրաստվել էր Վարդան Արամյանի օրոք, և որը կասեցրել է Ատոմ Ջանջուղազյանը: Ֆիննախի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը պատասխանեց. «Կոնկրետ այդպիսի ծրագրի մասին մեզ հայտնի չէ: Բայց տարբեր աշխատանքային հանդիպումների ժամանակ հաճախ են լինում վարկավորելու առաջարկներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, որոնք մերժվում են»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այդ դիմումն արդեն մուտքագրվել է դատարան: Թեեւ դեռ հայտնի չէ՝ ո՞ր դատավորն է քննելու դատախազության վճռաբեկ բողոքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են՝ այս թեմայով վճռաբեկ դատարանում բավական ակտիվ քննարկումներ են սկսվել: Մասնավորապես հետեւյալ տեսակետներն են հնչել՝ քանի որ նախկին նախագահի անձեռնմխելիության հարցը սահմանված է Սահմանադրությամբ, վճռաբեկ դատարանը ճիշտ կանի՝ պատասխանատվությունն իր վրա չվերցնի: Ըստ այդմ, դատական համակարգում քննարկում են դատախազության վճռաբեկ բողոքը կասեցնելու եւ այդ հարցով ՍԴ դիմելու տարբերակը, որպեսզի ՍԴ-ն մեկնաբանի՝ կարելի է արդյո՞ք առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահին (միգուցե նաեւ նախագահներին, եթե այդ գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվի նաեւ Սերժ Սարգսյանին): Միաժամանակ նույն դատական համակարգում շատերը կասկածում են ՍԴ անաչառությանը: Ի վերջո, ՍԴ անդամների մի մասը նշանակվել է հենց Քոչարյանի կողմից, ՍԴ նախագահ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն էլ նախկին ՀՀԿ-ական է եւ ՍԴ նախագահի պաշտոնին նշանակվելու համար որոշակի պարտավորություններ ունի ՀՀԿ իշխանությունների առաջ: Այնպես որ, դատական համակարգում իրոք աննախանձելի վիճակ է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործի շրջանակներում դեռեւս չի հարցաքննվել 2008թ. այդ իրադարձությունների օրերին ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Մանվել Գրիգորյանը, որ հիմա հափշտակության եւ ապօրինի զենք-զինամթերք պահպանելու մեղադրանքով մեկ այլ գործով գտնվում է կալանքի տակ: Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել է. «Իմ մասնակցությամբ, ոչ, այդ գործով նա չի հարցաքննվել»: Հիշեցնենք՝ 2008թ. փետրվարյան օրերին սպասվում էր, որ ընդդիմությանը կմիանան ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը: Ի դեպ, Մելքոնյանն արդեն այս գործով հարցաքննվել է: Մինչ այդ, տեղեկացնենք, երեկ Մանվել Գրիգորյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` Էնդոկրինոլոգիայի բաժանմունք: Ինչպես հայտնի է` Գրիգորյանը թոքի քաղցկեղ ունի, եւ վերջին օրերին փաստաբանը նշում էր, որ գնալով նրա առողջական վիճակը վատանում է»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ արտահերթ համագումարի օրը դեռ անորոշ է, չնայած նախապես ասվում էր, որ տեղի կունենա սեպտեմբերի վերջին, սակայն երեկ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը չբացառեց, որ հոկտեմբերի սկզբին լինի։ Դա պայմանավորված է Երեւանի ընտրություններով, որին մասնակցում է նաեւ ԵԿՄ նախագահի թեկնածու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը։ Այս արտահերթ համագումարը նախկինների պես «ներկայանալի» չի լինի․ եթե Մանվել Գրիգորյանի ժամանակ Մարզահամերգայինում տեղ - դադար չէր լինում, առաջիկա համագումարը նախատեսում են կառավարության Մելիք-Ադամյանի դահլիճում անել, որն ավելի փոքր է։ Տեղեկացանք նաեւ, որ ԵԿՄ-ից դուրս եկած ազատամարտիկներն այլեւս նախկինի պես ակտիվ չեն, քայլեր չեն ձեռնարկում համագումարը տապալելու համար։ Հիշեցնենք, որ մասնավորապես Ազատամարտիկների դաշինքն ուզում էր ԵԿՄ-ն տանել կոլեգիալ կառավարման, որ կառույցը չծառայեցվի քաղաքական նպատակներին, ինչպես նախկինում։ Ռուստամ Գասպարյանն ասաց, որ իրենք չկարողացան իրենց մոտեցումները կյանքի կոչել եւ այլեւս չեն խառնվում ԵԿՄ-ի գործերին։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հեղափոխությունից հետո կազմավորված կառավարության շատուշատ անդամներ պաշտոնը ստանձնելու պահին բավական համեստ միջոցներ են ունեցել, ինչը պարզ է դառնում վերջինների հայտարարագրերն ուսումնասիրելուց հետո: Կարելի է ասել, որ մենք, համենայն դեպս, դեռևս փոքր–ինչ զուսպ կյանքով ապրող գործադիր մարմին ունենք: Նրանց շարքերում է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, ով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Համաձայն հայտարարագրի՝ նրան է պատկանում մեկ բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ հունիսի 11–ին, նա ունեցել է 954 հազար դրամ դրամական միջոցներ և 887 հազար դրամ եկամուտ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գնալով նվազում է ցորենի բերքատվությունը, դրա հետեւանքով՝ ինքնաբավության մակարդակը: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկացավ, որ 2017թ. ընթացքում Հայաստանում գյուղացիները նախորդ տարվա համեմատ 171 հազար տոննայով ցորեն քիչ են հավաքել: Նկատենք, որ ցորենի բերքատվությունը 2011 թվականից սկսած աճել է 2015 թվականը ներառյալ, բայց 2016-ից սկսած այն նվազել է: Իսկ ահա անցած տարի, 2016 թվականի համեմատ, ցորենի բերքատվությունը մոտ 50 տոկոսով նվազել է: Եթե 2016-ին մեր հողօգտագործողները հավաքել են 350 հազար 400 տոննա ցորեն, ապա 2017-ին` 176 հազար 400 տոննա ցորեն: Պահանջարկը բավարարելու համար վերջին տարիներին ՀՀ ցորեն հիմնականում ներկրում է ՌԴ-ից: Սակայն այստեղ էլ մեկ ուրիշ խնդիր կա. երկու հարեւանների հետ Հայաստանի սահմանները փակ են: Ասել է, թե մեր երկիրը շարունակում է շրջափակման մեջ մնալ: Սրան գումարած պատերազմական վիճակը, պետք է լրջորեն մտածել պարենի ինքնաբավության մասին»: