Զատուլին․ ՀՀ հակառուսական ընտրությունը հղի է «ներքին ու արտաքին հետևանքներով»
Եթե Հայաստանի ընտրությունը հօգուտ ՌԴ շահերի չլինի, դա կարող է հանգեցնել «ամենատարբեր ներքին ու արտաքին հետևանքների»: Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Հայաստանում պետք է մտածեն, թե ինչ ընտրություն կանի վարչապետ Փաշինյանը, քանի որ եթե այդ ընտրությունը չփարատի Ռուսաստանի ինչ-ինչ մտահոգությունները, ապա ՌԴ կողմից վարչապետի գործողությունների քննադատությունը կարող է տարբեր հետևանքներ ունենալ, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին»,-ասել է նա:
Զատուլինը նաև հավելել է, որ ՀՀ-ն չի կարող հաշվի չառնել, որ այսօր իր անվտանգությունըմեծապես երաշխավորվում է նաև ՀԱՊԿ-ում անդամությամբ, ռուսական ռազմակայանի առկայությամբ և ՌԴ-ից զենքի մատակարարումներով: