Փաշինյան․ Կոռուպցիայի հետ փոխզիջում չի լինելու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 26-ի նիստին, անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ ժամկետային զինծառայության մեկնելու հարցին, նշել է, որ կառավարությունը շարունակելու է հետևողական աշխատանքները զորակոչի ոլորտում չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ:
«Կա քննարկում, թե արդյոք այս թեման ուսումնասիրվում է: Այդ թեման ուսումնասիրում է Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը: Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մեկ զորակոչով. դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի: Ցավոք, զորակոչի ոլորտում դեռևս շարունակում ենք չարաշահումներ ունենալ: Ընդհանրապես զարմանալի է, որ այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող են պաշտոնատար անձանց կողմից այսպիսի չարաշահումներ լինել: Հետևողականորեն աշխատելու ենք բոլոր չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ: Զարմանալի է, որ այսքան հայտարարություններից հետո նման դեպքերը շարունակվում են: Թող որևէ մեկը չմտածի, թե մենք որևէ կետում որևէ պատճառով կկանգնենք», - ասել է վարչապետը՝ կրկին հայտարարելով, որ կոռուպցիայի հետ փոխզիջում չի լինելու:
Կառավարության որոշումներով ամառային զորակոչից տարկետում են ստացել մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ: