Հայաստանում 102-րդ ռազմակայանի առկայությունը բխում է մեր ազգային շահերից. Փաշինյան
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի առկայությունը բխում է մեր ազգային շահերից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում։
Փաշինյանի խոսքով, բազան շատ կարեւոր է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի համար։ «Մենք ունենք պայմանավորվածություններ ու ըստ այդ պայմանավորվածությունների` այդ ռազմակայանը հստակ պարտականություններ ունի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ բազայի առկայությունը համապատասխանում է «ոչ թե իմ կամ որեւէ ղեկավարի պատկերացումներին», այլ Հայաստանի Հանրապետության ազգային շահերին։ «Դա պարզ է բոլորին»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ ռուս սահմանապահների ներկայությանը։ Նրա խոսքով` նրանք հսկում են Իրանի, ու ինչն ավելի կարեւոր է` Թուրքիայի սահմանը։
«Դա Հայաստանին շատ է պետք… Մեր զինված ուժերն ազատված են այդ պարտականությունից։ Քանի որ ծանրաբեռնվածություն կլիներ մեզ վրա վերցնել այդքան երկար սահմանի հսկողությունը»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` ռուսական զորքերը հանելու մասին անգամ խոսք չի կարող լինել։ Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ որոշ քաղաքագետներ ու փորձագետներ անտեսում են իր հայտարարությունները։