Փաշինյանը կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ ուժգին ուղերձ հղել Ադրբեջանին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ ուժգին ուղերձ հղել Ադրբեջանին, որ միջազգային հանրությունը չի ընդունի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ռազմական ճանապարհը: Այս մասին նա հայտարարել է Euronews-ին տված հարցազրույցում:
«Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ազդեցիկ ուղերձ հղի Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ուժի կիրառումը կհանդիպի միջազգային հանրության ուժեղ դիմադրությանը: Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, բայց, ցավոք, Հայաստանի վարչապետ դառնալուս առաջին օրերից տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ագրեսիան ոչ միայն Հայաստանի, այլև ժողովրդավարության դեմ է, քանի որ այժմ ՀՀ-ն «իսկապես ժողովրդավարական երկիր է»:
Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանըվախեր ունի, որ իր ժողովուրդը կարող է ոգեշնչվել հայաստանյան գործընթացներից՝նախաձեռնելով երկրում ժողովրդավարական փոփոխություններ:
Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: