Ադրբեջանում խորացել են լրատվամիջոցների հետապնդումները
Ադրբեջանում խորացել են լրատվամիջոցների հետապնդումները:
Ինչպես հայտնում է day.az-ը, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիեւի եւ ոստիկանության աշխատակից Ղասիմ Աշբազովի դեմ հարձակման հետ կապված որոշ լրատվամիջոցների պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ առանձին անհատներ համացանցային հաշիվներով «տարածել են իրականությանը չհամապատասխանող սադրիչ բնույթի տեղեկություններ»:
«Այդ տեղեկություններում, որոնք կեղծ են եւ ուղղված են հասարակությանը մոլորության մատնելուն, հասարակակական-քաղաքական կայունության խախտմանը, ահաբեկչության աջակցմանը, քաղաքապետերի նկատմամբ քաղաքացիների շրջանում անվստահության ստեղծմանը, պետության իրականացրած եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների աշխատանքի վարկաբեկմանը, որոնց տարածումը նաեւ արգելված է օրենքով, ահաբեկչության, իշխանության բռնի գրավման եւ Ադրբեջանի սահմանադրական կարգի բռնի փոփոխման հրապարակային կոչեր են հնչել: Դրանից զատ, Ադրբեջանի սահմանադրական կարգի բռնի փոփոխման, իշխանության բռնի գրավման եւ բողոքի ապօրինի ակցիաների կազմակերպման հրապարակային կոչերի փաստի հետ կապված, տարբեր բովանդակության տեղեկություններ տարածելով համացանցում, քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.1 հոդվածով (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր): Այս քրեական գործերն ուղարկվել են Պետական անվտանգության ծառայություն՝ նախաքննություն կատարելու, իսկ ներկայումս շարունակվում են օպերատիվ-քննչական միջոցառումները մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ապօրինի գործունեության մեջ են մեղադրվում «criminalaz.com»-ի, «bastainfo.com»-ի, «topxeber.az»-ի եւ «fia.az»-ի պաշտոնատար անձինք: Կայքերի ղեկավարները հրավիրվել են գլխավոր դատախազություն: Նրանցից պահանջել են դադարեցնել իրենց կայքերում հանուն սենսացիայի տեղեկությունների տարածումը: Նրանց պաշտոնական զգուշացում է կատարվել օրենսդրությամբ նախատեսված հնարավոր առավել լուրջ միջոցառումների մասին, այդ թվում՝ քրեական պատասխանատվության: Ուղերձ է հղվել Ադրբեջանի տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարություն, որ համապատասխան միջոցներ ձեռնարկեն նշված կայքերի տեղակատվական էջերին հարցումների սահմանափակում կիրառելու համար: