Մայր Աթոռից հերքում են. Սուրբ Գեղարդը ո՛չ վաճառվել է, ո՛չ էլ վնասվել
Լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը:
«Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»,- հավաստիացրեց նա։
Հիշեցնենք, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքն ներխուժած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները պահանջել էին հոգևորականներից իրենց ցույց տալ Մայր Տաճարի թանգարանում պահվող Սուրբ Գեղարդը: Ցուցարարները պնդել են, որ այն վաճառվել է, սակայն ի պատասխան դրա, Արշակ Սրբազանը ցուցարարներին հայտնել է, որ այն չի վաճառվել, այլ պարզապես «Գեղարդի մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»: