26.11.2024
Հայաստանում մաֆիոզ կառավարման ու «շուստռիությունների» ժամանակներն ավարտվել են. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ահազանգ Էջմիածնից. եզակի մասունք Սուրբ Գեղարդի մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի

Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակ է: Ցուցարարները ներխուժել են Դիվանատուն և պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: 


Ինչպես հաղորդում է tert.am-ը, վերջերս Էջմիածին քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Կորյուն աբեղա Առաքելյանն ասաց, որ գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները վաճառվել են:


Ցուցարարներն այսօր ևս նման պնդումներ արեցին և ասացին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է հրաժարական տա:


Դիվանատան շենքում են նաև ոստիկանության ծառայողները, իսկ ցուցարարները չեն լքում շենքը: Նրանք հոգևորականներից պահանջեցին, որ իրենց ցույց տան Սուրբ Գեղարդը:


Ցուցարարները պնդում էին, որ այն վաճառվել է, իսկ Արշակ Սրբազանն ասաց, որ չի վաճառվել. «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»:


Ցուցարարները նույն հարցն ուղղեցին այլ հոգևորականների՝ արդյոք տեղյա՞կ են, որ Սուրբ Գեղարդից մեկ կտոր պակասում է:


Հոգևորականները պատասխանեցին, որ իրենք տեղյակ չեն:


Այժմ էլ ցուցարարները հրավիրում են իրավապահների ուշադրությունը, նշելով, որ պետք է պարզվի, թե արդյոք նվիրվե՞լ է, թե՞ վաճառվել:


Ցուցարարները հայտնեցին, որ հոգևորականներն իրենց նկատմամբ բռնություն են կիրառել, ականատեսներ էլ կան:


Հոգևորականների հորդորներին, որ ցածր խոսեն, ցուցարարները գոռացին. «Գարեգին, հեռացիր»:


Նշենք, որ աշխարհում Սուրբ Գեղարդ կամ Լոնգինի Գեղարդ անունը կրող հինգ քրիստոնեական մասունք կա, սակայն դրանցից միայն մեկն է բնօրինակը, որը դարեր շարունակ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մյուսները դրա պատճեններն են:


Ավանդության համաձայն` հինգ սուրբ գեղարդներից միայն մեկով է հռոմեացի լեգեոներ Լոնգինը խոցել Հիսուս Քրիստոսի կողը։ Այն պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում, մյուս գեղարդները ցրված են աշխարհով մեկ։