Ռուս փորձագետների այցը Լալե Թեփե, նրանց հայտարարությունները Բաքվի հերթական շոուն է. ԱԳՆ
Ռուսաստանի դիրքորոշումը թե′ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում, թե′ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հայտնի է ու պարբերաբար վերահաստատվում է բարձրագույն մակարդակով, իսկ երեկ ռուս փորձագետների խմբի այցը Լալե Թեփեի բարձունք ու նրանց արած հայտարարությունները, պարզապես, կազմակերպված շոու էր: Aysor.am-ի հաղորդմամբ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Դուք կարծում եք, որ Ադրբեջանի հաշվին ճամփորդող ռուս փորձագետները պետք է գնային շփման գիծ ու այլ հայտարարություն անեի՞ն: Պարզ է, որ այդ ամեն ինչը բեմականացված էր, թատերական ներկայացում, որի նպատակը հենց այդ հայտարարություններն էին: Չեմ կարող վստահությամբ պնդել, բայց ես նույնիսկ կարծում եմ, որ այդ արված հայտարարությունները, ձևակերպումները, որոնք Ադրբեջանի լրատվամիջոցները ոգևորությամբ տարածում էին, գրվել են այլ տեղ և տրվել են փորձագետներին ընդամենը հնչեցնելու համար», - ասաց Տիգրան Բալայանը:
Նա ընդգծեց` այս այցից ակնկալվելիք արդյունքն ավելի շատ հետևանք դարձավ Ադրբեջանի համար: «Փորձում էին շոու սարքել, որը տապալվեց», - ափոփեց ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ռուս պատամավոր Դմիտրի Սավելևը, ինչպես նաև մի քանի ռուս հասարակական ու քաղաքական գործիչներ Արցախին սահմանակից Ադրբեջանի Ջոջուղ Մարջանլի գյուղում մասնակցել են «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ բարեկամ» թեմայով համաժողովին, որից հետո այցելել են Լալե Թեփե բարձունքում տեղակայված ադրբեջանական դիրքեր: