Կա համոզում, որ Արցախում տեղի ունեցող ցանկացած գործընթաց ուղղակիորեն առնչվում է առաջնագծում մշտապես առկա վտանգին: Հունիսի սկզբին ցույցերը, դրանց հետևած հրաժարականներն արդյոք ունեցել են իրենց ազդեցությունը Ադրբեջանի ակտիվացմանը, թե դրանք իրարից անկախ գործընթացներ են, ինչպես նաև՝ ի՞նչ ակնկալիքներ կան Արցախում նախագահ Բակո Սահակյանից VERELQ-ը զրուցեց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի հետ:
-Պարոն Աթանեսյան, ինչպիսի՞ն է ներքաղաքական իրավիճակն Արցախում այս վերջին իրադարձություններից հետո, այն կայունացել է, թե խորքային գործընթացներ դեռ տեղի են ունենում:
-Իմ գնահատմամբ՝ ներկայում իրավիճակը բավականին կայուն է: Կան առանձին խմբեր, այդ թվում նաև ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, որոնք շարունակում են իրենց քայլերը, բայց իմ գնահատմամբ նրանք հանրային լուրջ աջակցություն չունեն: Իրականում ես չէի ասի, թե շատ լուրջ անկայունություն է եղել Արցախում. եղել է բողոքի ցույց, որոշ կառույցների ղեկավարների հրաժարականներ և նոր նշանակումներ, ինչը նշանակում է, որ իշխանությունը լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետությունում: Եվ ակնկալում եմ, որ փոփոխությունները նաև շարունակություն են ունենալու, ինչի մասին հայտարարել է նաև նախագահ Բակո Սահակյանը, թե բարեփոխումների գործընթաց է սկսում:
-Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանը բավականին ակտիվացել է առաջնագծում՝ առկա են տեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ: Ձեր գնահատմամբ՝ այդ գործընթացը կապ ունի՞ Արցախում ներքաղաքական իրավիճակի հետ, թե դրանք իրարից անկախ գործընթացներ են:
-Ես այն կարծիքին եմ, որ հակառակորդի պահվածքը ածանցված չէ Արցախում վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներից: Անկախ այն բանից, թե այստեղ որոշ գործիչներ իրենց շատ սակավաթիվ համակիրներով ինչ-որ քաղաքական խնդիրներ են ձևակերպում կամ ինչ-որ քաղաքական պահանջներ են դնում, թե ոչ՝ հակառակորդը այդ քայլերին դիմելու էր: Ըստ իս, դա ավելի շատ կապ ունի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության և այն իրավիճակի հետ, որ ստեղծվել է մեր տարածաշրջանում՝ նկատի ունեմ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները, Հայաստանի միջազգային վարկանիշի կտրուկ բարձրացումը, որը խիստ անհանգստացնում է Ադրբեջանին : Խնդիրը նրանում է, որ Բաքուն, թերևս, ենթադրում է, որ Հայաստանի ժողովրդավարական իմիջը կարող է բերել արտաքին քաղաքական և դիվանագիտական դիվիդենտներ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում և ամեն կերպ փորձում է խոչընդոտել ՀՀ ժողովրդավարական զարգացումը՝ ռազմական սադրանքների միջոցով Հայաստանին ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ, սահմանային լարվածությամբ հանրային դժգոհություն առաջացնել իշխանությունների նկատմամբ և այլն: Իմ կարծիքով, հենց այս ամենով է պայմանավորված հակառակորդի պահվածքը՝ ուժի կիրառման սպառնալիքով իրավիճակը հօգուտ իրեն փոխելու ձգտում է:
-Ադրբեջանի ակտիվությունը իր հերթին ակտիվացրել է խոսակցություններն այն մասին, թե Բաքուն պատրաստվում է պատերազմի: Որպես այդպիսին պատերազմի վտանգը միշտ եղել է, բայց վերջին շրջանի գործողություններն առաջնագծում, ինչպես նաև ադրբեջանական մի շարք օրենքների փոփոխությունը, որոնք հարմարեցվում են երկրում ռազմական դրության նորմերին և այլն, նման կանխատեսումների տեղիք են տալիս: Տեսնո՞ւմ եք նման սպառնալիք այսօր:
-Շատ դժվար է կանխատեսել հակառակորդի հետագա վարքը, բայց ես կարծում եմ, որ պատերազմի և խաղաղության հարցը Ադրբեջանի սուվերեն իրավունքների տիրույթում չէ, հատկապես պատերազմի վերսկսումը, քանի որ դրա համար հարկ կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել ուժային կենտրոնների կամ ուժային կենտրոններից որևէ մեկի հետ: Իսկ տվյալ պահին, քանի որ աշխարհում լուրջ դիմակայության գործընթացներ կան, չեմ կարծում, թե այդ կենտրոններից որևէ մեկը իր աջակցությունը կցուցաբերի, եթե Ադրբեջանը որոշի Հարավային Կովկասում նոր բաժանարար գիծ, լարվածության նոր օջախ ստեղծել: Բոլորը հասկանում են, որ այսօր դա նման չի լինելու 1992-1994թթ. պատերազմին, այն ավելի լայնամասշտաբ ու ավելի կործանիչ կարող է լինել՝ հաշվի առնելով կողմերի սպառազինվածությունը, այդ սպառազինությունների որակը և այլն: Ահա այս ամենը հաշվի առնելով է, որ չեմ կարծում, թե Բաքուն կարող է այսօր համարձակվել և գնալ իրավիճակի կտրուկ սրացման: Կարող են լինել դիրքային, լոկալ սրացումներ, բայց լայնածավալ պատերազմ Ադրբեջանը չի կարող սկսել, որովհետև նա այդ իրավունքն ու քաղաքական համարձակությունը չունի:
Միևնույն ժամանակ, ըստ իս, Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը նման ձեռնարկումներում, ինչպես ասում են, գոլորշի է բաց թողնում, որովհետև այդ երկրում միլիտարիզմը հասցվել է ամենաբարձր մակարդակի և զինվորականությունը քաղաքական իշխանության առջև ինչ-ինչ հարցեր բարձրացնում է: Պետք չէ բացառել նաև այն վտանգը, որ զինվորականությունը կարող է Ադրբեջանում իրականացնել ռազմական հեղաշրջում և այդ սցենարներից խուսափելու համար քաղաքական ղեկավարությունը՝ ի դեմս Ալիևի, պարբերաբար զորավարժություններ է կազմակերպում, զորքերի տեղաշարժ դեպի շփման գիծ: Զինվորականությունը բոլոր երկրներում ամբիցիոզ է, իսկ Ադրբեջանի նման երկրում, որտեղ միլիտարիզմը բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի, կարելի է պատկերացնել, թե ինչ ակնկալիքներ և ինչ սպասելիքներ ունի ադրբեջանական գեներալիտետը: Ահա հենց այս վտանգը չեզոքացնելու համար է նաև Ալիևը շարժվում նման գծով:
-Վերադառնանք ներքաղաքական գործընթացներին: Անցած տարի, երբ Արցախում անցումային ժամանակաշրջանի ընտրություններ եղան, Բակո Սահակյանը հայտարարեց փոփոխությունների, այդ թվում՝ կադրային փոփոխությունների մասին: Դրանք տեսանելի՞ են Ձեզ համար:
-Մեկ տարի անց մենք տեսնում ենք, որ նախագահ Սահակյանը փոփոխություններ իսկապես կատարում է՝ կառավարության կազմում, նախարարների փոփոխություններ եղան և այլն: Խոսվում է նաև կառուցվածքային բարեփոխումների մասին և, իմ կարծիքով, հարկ կլինի նաև օրենսդրական բարեփոխումներ իրականացնել, մասնավորապես Ընտրական օրենսգրքի շուրջ հանրային դիսկուրսի կարիք կա՝ հաշվի առնելով 2020 թվականին նախագահի և Ազգային Ժողովի ընտրությունները: Քաղաքական դաշտը մինչ այդ թարմացման, բարելավման անհրաժեշտություն ունի: Ավելին՝ կա նաև որոշակի սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, առավել ևս, որ այսօր մենք հնարավորություն ունենք դրանք ընդունել ԱԺ-ում: Իմ տպավորությամբ, ամառային արձակուրդներից հետո Արցախում սպասվում է քաղաքական նոր, աշխույժ դիսկուրս:
Զրուցեց Լիա Խոջոյանը