Փակել ենք քաղբանտարկյալների, բացել կոռուպցիայի դեմ պայքարի էջը․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները, քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը:
«Այսօր, կարծում եմ՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաշատը քննարկվող թեման է և այդ ուղղությամբ լուրջ ակտիվություն կա իրավապահ մարմինների ու կառավարության կողմից: Դա բնական է, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել ենք կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկը: Այս գործընթացի համատեքստում պետք է շատ խստորեն հետևել օրինականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքները հարգելուն, որպեսզի իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված որևէ այլ մեկնաբանություն չլինի:
Մենք երբ Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միևնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը: Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները որևէ կերպ այլ մեկնաբանություն ստանալու իրական հիմք չունենան: Շատ կարևոր եմ համարում, որ մենք այս ֆորմատով գանք ընդհանուր հայտարարի և առաջինը՝ համոզված լինենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի պրոցեսը շարունակվելու է, երկրորդը՝ պրոցեսը շարունակվելու է առավել արդյունավետ և այս պրոցեսի ընթացքում երաշխավորվելու են մարդու իրավունքները, օրինականությունն ու ընդհանրապես հանրության շահերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև խորհրդակցության մասնակիցները վարչապետին զեկուցել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերին: