25.11.2024
Ռուս զինծառայողը Գյումրիում ավտովթարի զոհ է դարձել
prev Նախորդ նորություն

Տարոն Մարգարյանի լռությունը. անունը փրկելու փորձերն անհաջողությամբ են պսակվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման հարցը իսկապես լրջանում է:


Խնդիրը նրանում է, որ արդեն մի քանի օր է, ինչ քաղաքապետը չի ներկայանում աշխատանքի, այդ թվում նաև այսօր չի ներկայացել ավագանու նիստին, որն այս րոպեներին վարում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Վերջինս հայտարարել է, թե քաղաքապետը բացակայում է առողջական խնդիրներով, սակայն այս հայտարարությանը քիչ արժանահավատ է:


Ըստ VERELQ-ի աղբյուրների՝ քաղաքապետարանում բավականին ծանր մթնոլորտ է, քանի որ Մարգարյանի թիմը բավականին անհանգստացած է նրա բացակայությամբ ու աղմկահարույց տեսանյութերի մասով լռությամբ: Ասում են անգամ, որ ոմանք նույնիսկ հավաքել են իրերը և պարզապես սպասում են, թե երբ Մարգարյանը կհրապարակի իր հրաժարականի դիմումը, որն, ի դեպ, վաղուց է գրել, պարզապես ձգում էր ժամանակը: Բայց «Երևան» հիմնադրամի շուրջ սկանդալը, ինչպես նաև երկու օր առաջ նրա ահռելի ունեցվածքի մասին տեսանյութը, որով, ինչպես խոստացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրավապահները կզբաղվեն և կստուգեն նրա միլիոնների օրինականությունը, վերջնակետն են Տարոն Մարգարյանի կարիերայում... գոնե այս փուլում:


Մարգարյանի թիմում իսկապես լուռ խուճապ է, քանի որ եթե քաղաքապետը պատասխանատվության ենթարկվի, ապա բոլորին կտանի իր ետևից: Բավական է միայն նայել, թե ովքեր են այսքան տարիներ եղել քաղաքապետարանի բարձր պաշտոններում՝ Կամո Արեյան, Արայիկ Քոթանջյան, Դավիթ Օհանյան և մյուսներ, որոնք միլիոնավոր դոլարների կարողություն ունեն, բայց ընդամենը պետական պաշտոնյա են: Ասել է թե՝ «Երևան» հիմնադրամն ու Երևանի քաղաքապետարանը նրանց համար վերջին հանգրվանը կարող են դառնալ...


Խոսակցություններ կան, թե Տարոն Մարգարյանը այս օրերին փորձել է իրավիճակը հարթել ներքին պայմանավորվածությունների դաշտում, որպեսզի հնարավորինս անցավ անցնի իր անվան հետ կապված ողջ գործընթացը: Բայց, ըստ ամենայնի, չի հաջողել, այլապես այսօր, քաղաքապետի պաշտոնում թերևս վերջին անգամ, գավագանու նիստ կվարեր: 


Սպասենք պաշտոնապես նրա հրաժարականի լուրին: Ըստ մեր աղբյուրների՝ հրաժարականի մասին կհայտարարվի մինչև հինգշաբթի՝ կառավարության հերթական նիստը, որին Տարոն Մարգարյանը չի մասնակցելու, ինչպես այսօր չմասնակցեց Երևանի ավագանու նիստին: