25.11.2024
Մենք պատերազմ չենք սկսի. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Որտե՞ղ է Տարոն Մարգարյանը. նրա հրաժարականը` ավագանու այսօրվա նիստում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր չի վարի ավագանու նիստը: Տարոն Մարգարյանը արդեն մի քանի օր է՝ ընդհանրապես չի ներկայանում աշխատանքի, և բոլորը սպասում են, թե երբ նա կուղարկի հրաժարականի իր դիմումը: Հնարավոր է, որ այն հրապարակվի ավագանու այսօրվա նիստում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հասարակությունը հետեւում է Սերժ Սարգսյանի մերձավորների վերաբերյալ այս օրերի կոռուպցիոն բացահայտումերին, իրավապահների կողմից նրանց բերման ենթարկելու եւ ձերբակալելու օպերացիաներին, հետաքրքիր կադրային փոփոխություններ են սկսվել ՀՀԿ-ում. կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք` Կարապետյանը նախարարների իր թիմի հետ ՀՀԿ-ին անդամակցեց վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո: Առայժմ նա հրաժարվել է կուսակցության փոխնախագահի պաշտոնից` շարունակելով դե յուրե մնալ ՀՀԿ-ական: Սակայն պարզ է, որ ՀՀԿ-ին Կարապետյանի հետագա անդամակցությունը կլինի սոսկ ձեւական, ընդ որում՝ ժամանակավոր: Նա կուսակցությունից միանգամից դուրս չի եկել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե միայն «լավ օրերի ընկեր էր»: Բայց պարզ է, որ ՀՀԿ-ն շատերի, այդ թվում Կարապետյանի համար եղել է սոսկ միջոց իշխանության մեջ լինելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կարապետյանը որպես ՀՀԿ փոխնախագահից հրաժարվելու պատճառաբանություն բերել է այն հանգամանքը, որ վաղուց կուսակցությունում ակտիվ գործունեություն չի ծավալում եւ ճիշտ է համարում, որ այդ պաշտոնում ակտիվ մեկը լինի:


Այս որոշումը կուսակիցների համար թերեւս այնքան էլ անսպասելի չի եղել: Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները նշում են, թե վերջին իրադարձություններից հետո այսպիսի որոշման սպասում էին, առավել եւս, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շատ քիչ նիստեր են եղել, որին Կարեն Կարապետյանը մասնակցել է, իսկ մասնակցելիս էլ կրավորական դիրք է ընդունել: Մյուս մասն էլ, հակառակը, կարծում է, որ հենց այդ ծանր պահին Կարապետյանը պետք է ոչ թե լքեր կուսակցությունը, այլ ավելի ակտիվ գործեր եւ ի ցույց չդներ կուսակցությունում առկա խնդիրները: Մեզ հասած տեղեկություններով` ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնում այս պահին երկու հիմնական անուն է շրջանառվում՝ Վիգեն Սարգսյանն ու ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Սակայն այս հարցում դեռեւս որեւէ վերջնական որոշում չի կայացվել: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ ՀՀԿ-ն իշխանությունից հեռացվելուց հետո սկսել է կամաց-կամաց կազմաքանդվել. այս կուսակցությունից զանգվածային արտահոսք է սկսվել»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նոր իշխանությունները, որոնց գլուխն առաջին օրերին խիստ խառն էր և դատավորներին «չէին զանգում», որևէ գրաքննություն չէին իրականացնում, վերջին շրջանում սկսել են զբաղվել այս «սուրբ» գործերով։ Գրաքննություն անցկացվում է հիմնականում Ֆեյսբուքում, նախարարներն իրենց աշխատակազմերի աշխատակիցներին խստիվ արգելել են որևէ քննադատական ստատուս լայքել, «քոմենթ» գրել, անհնազանդներին հասկացրել են՝ անմիջապես կարժանանան «համապատասխան» վերաբերմունքի։ Գրաքննությունը հատկապես ուժեղ է առողջապահության և սփյուռքի նախարարություններում։ Ի դեպ, սփյուռքի նախարարը, որն առաջին օրերին «համոզված» էր` իր նկատմամբ նպատակաուղղված «հակաքարոզչություն» է ընթանում, միացել է իր դեմ հակաքարոզչությանը, սկսել է այնպիսի «բլթոցներ» անել, որ վերջինիս նկատմամբ թիմում արդեն «գրաքննություն» է իրականացվում` «արգելել» են հրապարակավ շատ խոսել, մանավանդ երկպալատ խորհրդարանի և փիարի համար Սիրիա մեկնելու մտքերից հետո։ Դա է պատճառը, որ նա մտել է «բլոտի» դաշտ»»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասությունը միայն արտաքին քաղաքական խնդիրներով չէ պայմանավորված։ Հիշեցնենք, որ այս օրերին Արմեն Սարգսյանը միջազգային շատ մեծ տուրնեի է, ծննդյան օրն անցկացրեց հարազատ Բրիտանիայում, որտեղ հանդիպումներ էին նախատեսված նաև արքայական ընտանիքի հետ։ Լինելու է Ֆրանսիայում, ապա կմեկնի ԱՄՆ։ Նրան մերձ շրջանակներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս շրջայցերի նպատակը։ «Բուն նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է, առջևում նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է, դրան առնչվող խնդիրներ ևս կան օրակարգում»,- ասացին մեզ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջիկայում Սարգսյանը կմեկնի նաև ՌԴ։ Ըստ որոշ աղբյուրների, Իլհամ Ալիևն ու Արմեն Սարգսյանը շփվելու հնարավորություն ունեցել են անցյալում՝ նույն վայրում «պատահաբար» հանգստանալիս։ «Մի բացառեք, որ Ալիևը Ռուսաստանին հասկացրած լինի, որ պատրաստ է բանակցել Սարգսյանի հետ, ինչին հնարավոր է համանախագահ երկրները ևս դեմ չլինեն»,- ասաց մեր աղբյուրը։ Նկատենք, որ Արմեն Սարգսյանը 2001-2013 թթ․ եղել է «British Petrolium» միջազգային ընկերության խորհրդատու, իսկ BP-ն լուրջ տնտեսական գործունեություն է ծավալում Ադրբեջանում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում կատաղած են Սամվել Բալասանյանի վրա, որ համարձակվեց իրենց անփոխարինելի նախագահին զրկել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Ասում են, որ Բալասանյանը երբեք իրենց սրտով չի եղել՝ վարկաբեկված մարդ է, միայն Սերժ Սարգսյանի շնորհիվ է դարձել քաղաքապետ, ինչը շուտ ուրացավ: «Արժանապատվություն ունենար՝ դիմում կգրեր-կհեռանար, կասեր՝ թող գա ձեր քաղաքապետը զրկի կոչումներից: Բոլորը պիտի հիշեն, որ Սերժ Սարգսյանը բոլորի արած-չարածը լավ գիտի և կարող է Փաշինյանին հուշել կոռուպցիայի բացահայտման կոնկրետ «հասցեներ»,- ասաց մեր աղբյուրը։ Թեև ՊԵԿ-ն առանց հուշելու էլ նրա «Գյումրի գարեջուր» ընկերությունում հայտնաբերեց 360 մլն դրամ թաքցված հարկ, 210-ը՝ ակցիզային հարկի, 150-ը` շահութահարկի գծով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր շարունակ Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին տեսել են Արդշինբանկում՝ ղեկավարության մոտ մտնել-դուրս գալիս։ Բանկի աշխատակիցները խոսում են, որ նա հնարավոր է աշխատանքի անցնի իրենց մոտ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնին, որը զբաղեցնում էր Մհեր Գրիգորյանը՝ մինչեւ «Ծառուկյան դաշինքի» քվոտայով փոխվարչապետ դառնալը: Բանկից ոչ մի հստակ պատասխան չկարողացանք ստանալ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, նաեւ յուրացումների մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, պահվում է Երեւան կենտրոն ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալում»: Նրան, մեզ հասած լուրերի համաձայն, պահում են նույն այն 315 խցում, որտեղ ավելի քան մեկ տարի անցկացրեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ում եւս կալանավորել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Ի դեպ, ՔԿՀ-ում Մանվել Գրիգորյանին, մեղմ ասած, լավ չեն դիմավորել: Կալանավորները լսելով, որ Մանվել Գրիգորյանին տանում են այն խուցը, որտեղ գտնվել է Սամվել Բաբայանը, սկսել են սուլել եւ իրենց խցերից Երեւան ՔԿՀ-ի ողջ տարածքով մեկ վանկարկել` «տուշոնկա-տուշոնկա»»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. այդ հարցը կքննարկվի ավագանու հուլիսի 2-ի արտահերթ նիսում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դանիելյանը հայտարարել է «Պատճառ չկա, իրավիճակ է փոխվել: 17 տարի աշխատել ենք, թող գան, ավելի լավ աշխատեն, էլ ի՞նչ ասեմ…»: Միայն թե, նկատենք, շատերի կարծիքով այս որոշումը կապված է թավշյա հեղափոխությունից հետո Հրազդանի քաղաքապետարանում անցկացվող ստուգումների հետ: Կոտայքի մարզպետարանն արդեն ծրագրել է նման ստուգումներ անցկացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Կոտայքի մարզպետ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզպետ Պետրոսյանն ասել է. «Ես տեսնում եմ թշվառ մարզկենտրոն, թշվառ քաղաքացիներ… Չունենք այլ քաղաք, որտեղ այս աստիճան ոտնահարված լինի քաղաքացու շահը»»: