Մենք պատերազմ չենք սկսի. Փաշինյան
Այս շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը աննախադեպ ցածր են եղել` ընդհուպ 2000-ականների սկզբի մակարդակի: Այս մասին Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին:
Վարչապետը ցավով նշեց, որ չնայած նման իրավիճակին, բայց, ցավոք, զոհեր ենք ունեցել: Նաև նշեց, որ առաջնագծում կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ, ընդ որում դրանք երբեմն մեծանում են ծավալներով, երբեմն նվազում, բայց անընդհատ առաջնագծում ունենք զորքերի շարժ և որոշակի լարվածությու, օրինակ, Նախիջևանի ուղղությամբ:
Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի, և զգոնությունը պետք չէ կորցնել: Բայց իրավիճակի աննախադեպության առումով չեմ կարող ասել, թե ունենք արտասովոր կամ աննախադեպ իրավիճակ` ունենք սովորական, ծանոթ իրավիճակ: Պետք է արձանագրենք, որ ի վերջո կոնֆլիկտը լուծված չէ և մենք կիսապատերազմական վիճակում ենք գտնվում, որը ցանկացած պահի կարող է փոխվել: Դա չի նշանակում, որ պետք է շեղվենք մեր բնականոն կյանքից, մենք պետք է անենք մեր աշխատանքը, ՊՆ-ն պետք է անի իր գործը։ Չեմ ուզում ասել, որ անհանգստանալու կարիք չկա, բայց չեմ էլ ուզում ասել, որ կա. ըստ էության` ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեինք»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կրկնեց`ոչ, աննախադեպ վիճակ չունենք, այսօր իրավիճակը աննախադեպ է հարաբերական հանդարտության առումով:
«Մենք պատերազմ չենք սկսի. դա հաստատ: Ադրբեջանն է ռազմական հռետորություն կիրառում, բայց հույս ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունն էլ ի վերջո կհասկանա, որ հակամարտությունը զինված լուծում չունի, դա բերելու է անխուսափելի հետևանքներ։ Եվ եթե Ադրբեջանում որեւէ մեկը մտածում է, որ այդ հետեւանքներն իրենց չեն վերաբերում, ես կարծում եմ, որ չարժե փորձությունների ենթարկել որեւէ երկիր։ Մեր կարգախոսը նույնն է՝ դուխով, մարտական և վճռական ենք պաշտպանելու մեր հայրենիքը»,- հավելեց Հայասանի վարչապետը: