Մի հատ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են. Շմայսը գոհ է ԱԱԾ-ից
Հանրապետական նախկին պատգամավոր, «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանը գոհ է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատանքից։ Այս մասին նա հայտնել է «Ազատության» հետ զրույցում:
Մովսիսյանը նշել է, որ իրեն տարել են ԱԱԾ օրենքի տառին համապատասխան։
«Ազգային անվտանգությունը ներխուժեց մեր բնակարան՝ իրենց ամեն ինչով։ Որտեղ ինչ ունեի, օրենքի տառին համապատասխան ստուգեցին։ Այնտեղ կային օրինական միավորներ՝ իմ ատրճանակները։ Մի հատ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են, ոչ մի երեխա նաեւ չի վախեցել տանը։ Հարցրել են աղջկաս՝ «զենք կա՞ տանը», ասել է՝ «այո՝ հենա սեյֆի մեջ դրած»։ Ես տանը չեմ եղել, ինձ կանչել են, պանիխիդա էի։ Օրենքի տառին համապատասխան ստուգել են»,- ասաց Մովսիսյանը՝ շարունակելով. «Ես շատ շնորհակալ եմ Ազգային անվտանգությունից, նախկինում նման բան չի եղել, վայրագություններ է այն ժամանակ եղել, իմ ողորմածիկ եղբոր տանը բերին զենք գցին, թուղթ գցին։ Ես օրինականից բացի ինչ ունեցել եմ, տարել, հանձնել եմ, ոչ մի միավոր չեմ թողել, ես շատ շնորհակալ եմ մեր այս կառույցից, որ օրենքի տառին համապատասխան արել են»։
Հիշեցնենք՝ երեկ Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանն փոխանցել էր, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները շուրջ երկու ժամ գործողություններ են իրականացրել Առաքել Մովսիսյանի առանձնատանը, այնուհետեւ նրան մեքենայով տարել են։ Այսօր Աբրահամյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Առաքել Մովսիսյանը գիշերն ազատ է արձակվել։