26.11.2024
Վերականգնելու ենք Ադրբեջանի հետ խախտված ռազմական հավասարակշռությունը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՀՔԾ-ն հերքում է Մարտի 1-ի գործով Գրիգոր Գրիգորյանի հարցաքննության մասին լուրերը

Հատուկ քննչական ծառայությունը հերքում է, թե Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հարցաքննվել է:


ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում է.


««Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե «վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը», իրականությանը չի համապատասխանում:


ՀՔԾ-ն հորդորում է զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց»:


Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը  ևս հերքել է, թե Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը նախագահ Քոչարյանի հետ հեռախոսազրույց է ունեցել և նշել, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում Գրիգոր Գրիգորյանը չէր կարող պատմել իր և նախագահ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին, քանի որ երբևէ նման զրույց չի եղել:


«Այդ լուրը կարդալիս ինձ զանգահարեց պարոն Գրիգորյանը եւ իր վրդովմունքը հայտնեց նշված հոդվածի կապակցությամբ: Նա ասաց, որ որևէ հարցաքննության չի ենթարկվել և այդ թեմային առնչվող հայտարարություններ չի արել, առավել ևս` նման մտացածին ու կեղծ բովանդակությամբ հայտարարություն, որ վերագրվել է իրեն»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը:


Նա նաև նշել է, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել լրատվամիջոցի դեմ և պահանջել, որ ներողություն խնդրեն:


Հիշեցնենք, օրաթերթը գրել էր, թե «Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ: Քանի որ Քոչարյանը լինելով նախագահ, միաժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն էր, ներքին զորքերի հրամանատարը չի կարողացել ընդդիմանալ և չկատարել երկրի ղեկավարի արյունոտ հրամանները: Ավելին՝ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում»: