26.11.2024
ՀՔԾ-ն հերքում է Մարտի 1-ի գործով Գրիգոր Գրիգորյանի հարցաքննության մասին լուրերը
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իրավապահներին բացահայտել «Մարտի 1-ի» գործը

Ընթացիկ ժամանակաշրջանի համար կարեւորագույն խնդիրներից է 2008-ի մարտի 1-ի սպանությունների բացահայտումը: Այս մասին հունիսի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մենք՝ Հայաստանում ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխություն իրականացրածներս, բարոյական պարտք ունենք Մարտի 1-ի զոհերի հարազատների առաջ, որովհետեւ եթե չլիներ 2008-ի մարտի 1-ը, վերջին մեկուկես ամսվա ընթացքում քաղաքական իրադարձությունների ժամանակ դժվար կլիներ խուսափել արյունահեղությունից», - ասաց Փաշինյանը՝ հայտարարելով, որ «մարտի 1-ի» դաժան փորձը իշխանությանը պարտադրեց առավել զգուշավոր լինել ժողովրդական փողոցային վենդետաներից խուսափելու համար:


«Մեզ այդ փորձն օգնեց քաղաքական առաջնորդության պատասխանատվության լրջությունը գիտակցելու եւ շարժումը ոչ բռնի պայքարի տրամաբանությամբ տանելու հարցում: 2008-ի Մարտի 1-ի զոհերի քաղաքացիական վաստակի կարեւորագույն գնահատականներից մեկը պիտի լինի սպանությունների բացահայտումը», - ասաց նա՝ տեղեկացնելով, որ այդ կապակցությամբ հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին:


«Կարծում եմ, իրավապահ այն համակարգը, այն մարմինը, որը կբացահայտի Մարտի 1-ի սպանությունները, իր անունը ոսկե տառերով կգրի հայ ժողովրդի եւ Հայաստանի պատմության մեջ եւ հակառակը՝ իրավապահ համակարգի աշխատանքը բավարար գնահատել չեմ կարող այնքան ժամանակ, քանի դեռ Մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն», - ասաց վարչապետը:


Նա ասաց, որ այդ գործն առանձնացնում է, որովհետեւ այս գործի բացահայտված լինել-չլինելը էական ազդեցություն ունի «մեր երկրի բովանդակության ու էության վրա»:


Խոսելով կոռուպցիոն չարաշահումները բացահայտելու գործում իրավապահ համակարգի դերի մասին՝ վարչապետն ասաց, որ իրենց նպատակը չէ բանտերը լցնել, պետք է պետությանը հասցված վնասները փոխհատուցեն ու իրենք վհուկների որս հաստատ չեն սկսելու: