24.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սամվել Կարապետյանի «Տաշիրը» զրկեցին հերթական բիզնես պրոեկտից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Բավականին հետաքրքիր իրավիճակ է առաջացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» շուրջ․ 1 տարի առաջ որոշվել էր ԲԷՑ-երը հավատարմագրային կառավարման հանձնել «Տաշիր» ընկերությանը։ Այս տարվա ապրիլի 12-ին Կարեն Կարապետյանի կառավարության նիստում այդ մասին որոշում կայացվեց, սակայն պայմանագիրը չստորագրվեց, կային որոշ կետեր, որոնք դեռ չէին հստակեցվել։ Մենք տեղեկացանք, որ օրերս չեղարկվել է կառավարության որոշումը, եւ խոսակցություններ կան, որ ԲԷՑ-երի այլ հավակնորդներ են հայտնվել, մասնավորապես՝ նման մտադրություն ունի Գագիկ Ծառուկյանը, ու նաեւ դրանով էր պայմանավորված էներգետիկայի նախարարի պորտֆելը վերցնելը։


Մեր հարցին ի պատասխան՝ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն ասաց․ «Որոշումն արդեն կայացվել է՝ բարձրավոլտը մնալու է պետական հիմնարկ, ինչ կարգավիճակ որ ուներ նախկինում․ ես այս պահին դադարեցրել եմ պայմանագրի գործունեությունը»։ Ե՞րբ եք դադարեցրել։ «Մեկ շաբաթ է»։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ այդ դեպքում ավելի արդյունավետ կառավարում կիրականացվի»։ Տեսակետ կա, որ ՀԷՑ-երն առանձնապես շահույթով չեն աշխատում, եւ ԲԷՑ-երը հավատարմագրային կառավարման էին տրվում «Տաշիր»-ին՝ որպես կոմպենսացիա ոլորտի ապագա զարգացման համար, ավելին՝ խոսակցություններ կան, որ ձեր որոշման «արդյունքում» հնարավոր է աշնանը էլէներգիայի գինը 5 դրամով բարձրանա, առավել ստույգ՝ գազի գինը ճշգրտվելուց հետո, երբ կլրանա Ռուսաստանի տված 1 տարվա ժամկետը՝ գազի հաստատուն գինը չփոխելու հետ կապված։ «Մեկընդմիշտ իմացեք՝ էլէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում, դա բացառվում է»։ Իսկ գազի՞։ «Գազի մասին այս պահին որեւէ բան ասել չեմ կարող»,- ասաց Գրիգորյանը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել է գործարարների հետ եւ հայտարարել, որ տարիներ շարունակ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոնները փոխվել են՝ ինքը չի պահանջելու «սեւ դրամարկղին վճարումներ», ինչ-որ ստվերային գումարներ, բայց գործարարներից պահանջում է գործել հարկային դաշտում` չթաքցնելով իրական թվերը, հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի: Ասում են՝ գործարարներից շատերը թեթեւացած շունչ են քաշել, քանի որ նրանց էլ է ձեռնտու հարկային դաշտում գործելը, դա շատ ավելի քիչ ծախս է, քան այսուայնտեղ երկրի ղեկավարի պահանջով «գումար մուծվելը», «հարց լուծելը»: Մինչ այդ, երեկ վարչապետը անդրադառնալով խոշոր ձեռնարկություններում, սուպերմարկետներում անցկացվող ստուգումներին, ասել է. «Այն, ինչ որ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ։ Հանկարծ որևէ մեկը սա չփորձի ընկալել որպես թուլության նշան։ Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ փլուզումը սկսվել է, ընդ որում, բավական արագ տեմպերով: Մինչ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նիստ էին անցկացնում՝ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին կողմ քվեարկելու համար պատգամավոր Շիրակ Թորոսյանին հեռացնելու համար, պարզվեց՝ Թորոսյանն ինքն է խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել: Ավելի ուշ ՀՀԿ-ից եւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց պատգամավոր Արթուր Գեւորգյանը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան: Ի դեպ, Գեւորգյանն այն ՀՀԿ-ականներից էր, որը մայիսի 8-ին Փաշինյանին դեմ էր քվեարկել: Առաջիկայում ՀՀԿ խմբակցությունից հնարավոր է հեռացնեն նաեւ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին, որը եւս առանց ՀՀԿ-ում համաձայնեցնելու Փաշինյանին կողմ էր քվեարկել:


Բայց պարզվում է, ՀՀԿ ներքին խնդիրներն այսքանով չեն ավարտվելու. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում խմբակցությունը լքելու մասին կհայտարարեն եւս յոթ պատգամավոր, հիմնականում՝ գործարար թեւից: Արդյունքում, ստեղծվելու է հետաքրքիր իրավիճակ. ԱԺ-ում Ելք, Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 մանդատ ունեն, իսկ շատ նախագծեր անցնում են 53 ձայնով: Փաստացի հիմա նրանք ունեն 50 մանդատ, եթե այլ մարդիկ դուրս գան ՀՀԿ-ից, ապա քսան տարի իշխանության ղեկին եղած ՀՀԿ-ն կզրկվի նաեւ խորհրդարանում մեծամասնություն կոչվելուց: ՀՀԿ-ում ընդամենը մնացել են մի քանի հոգի, ովքեր հրապարակային խոսում են՝ Արմեն Աշոտյան, Վահրամ Բաղդասարյան, Էդուարդ Շարմազանով, իսկ մյուս բոլոր կուսակցականներն ուղիներ եւ ելքեր են փնտրում դեպի ԲՀԿ եւ Գագիկ Ծառուկյանին կամ Նիկոլ Փաշինյանին եւ «Ելք»-ին միանալու համար: Ինչպես հայտնի երգում էր ասվում. «Տեսա՞ր, տեսա՞ր ինչ եղավ»»: 


«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ից հաջորդ հեռացողը կարող է լինել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով միայն վերջերս է դարձել պատգամավոր՝ փոխարինելով հրաժարականի դիմում ներկայացրած Գրիգոր Ավալյանին: Հակոբյանը ԱԺ ևս երկու գումարման պատգամավոր է եղել: Նա ՀՀԿ-ական իշխանության հետ հին հաշիվներ ունի. նրան պատկանող ընկերություններում հարկային մարմինները ստուգումներ էին իրականացրել ու անհիմն մեծ տուգանքներ նշանակել, և Հակոբյանին բաժնետիրության սկզբունքով պատկանող «Կիլիկիա գարեջուր» ընկերությունը տևական ժամանակ դատական վեճերի մեջ էր հարկային մարմինների հետ: Խոսակցությունների համաձայն՝ իշխանությանը մոտ կանգնած ինչ-որ անձինք աչք ունեին գործարանի վրա և փորձում էին ճնշում գործադրել՝ դրան կամ դրա մի մասին տիրանալու համար: Հիմա Հակոբյանը կարող է վարձահատույց լինել իր նկատմամբ դրսևորած նման վերաբերմունքի համար»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինտենսիվ պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դրա մասին է վկայում նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հաստատակամ հայտարարությունը, թե արտահերթ ընտրություններ լինելու են՝ անկախ ՀՀԿ-ի կամքից: Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, ակտիվորեն քննարկվում է նաև ընտրություններին մասնակցելու ձևաչափը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ հակված են ընտրությունների գնալ առանձին՝ վստահ, որ այդպես էլ մեծամասնություն կկազմեն: Սակայն, հավաստի տվյալներով, բանակցությունների արդյունքում որոշվել է արտահերթ ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքով, սակայն փոփոխված համամասնությամբ: Ըստ այդմ, դաշինքի համամասնական ցուցակում կգերակշռեն ՔՊ- ականները. յուրաքանչյուր 10 թեկնածուից 6-ը կլինի այդ կուսակցությունից, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան», ևս 2-ը՝ «Հանրապետություն» կուսակցություններից»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ն, որը ռուսական կապիտալով ընկերություն է, Հայաստանում լուրջ խնդիրներ ունի: Մեր տեղեկություններով՝ այս ընկերության հարցը արդեն հասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմ: Այս ընկերությունն է շահագործում Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքավայրը՝ տարեկան կորզելով մոտ 4 տոննա ոսկի, և Ագարակի պղնձի ու մոլիբդենի հանքավայրը՝ կորզելով մոտ 4 մլն տոննա խտանյութ: Մինչդեռ այս ընկերության վճարած հարկերը այնքան չնչին են, որ կարելի է ասել՝ ընկերությունը դուրս է Հայաստանի հարկային դաշտից: Հայաստանի նոր իշխանությունները կարող են ընդհանրապես ազգայնացնել այդ ընկերությունը՝ հաշվարկելով, թե Հայաստան գալու 11 տարիների ընթացքում ինչ եկամուտ է ստացել ընկերությունը, և ինչ վնաս է կրել պետությունը, մինչդեռ ռուսական կողմն էլ պնդում է, որ իրենք 504 մլն դոլարի ներդրում են արել, ինչը չի նշանակում, որ սեփականաշնորհել են Հայաստանն ու նրա ընդերքը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ն այս կառավարության համար պատասխանատվություն չի ստանձնում, ՀՅԴ-ն ստանձնո՞ւմ է՝ հարցրինք Արմեն Ռուստամյանին։ «Իհարկե, ստանձնում ենք, կառավարության մաս ենք, չէ՞։ Մենք առաջարկներ ենք առաջ քաշել, որոնք պետք է ներառվեն կառավարության ծրագրի մեջ»։ Իսկ եթե ձեր առաջարկները չներառվե՞ն։ «Մենք կառավարության անդամ ենք, եւ անպայման պետք է ներառվեն»։ Բոլոր դեպքերում, խոսակցություններ կան, որ Դաշնակցությունն այլեւս ի վիճակի չէ «հասնել Սասուն՝ մտնել Վան»՝ հաղթահարել առաջիկա ընտրություններում 5 տոկոսը։ «Մենք որ չմտնենք, ուրիշ մտնող չի լինի, էդ ահել-ջահելները թող մի քիչ փորձառություն ձեռք բերեն, նոր խոսեն․ որ էսօր տեղի-անտեղի խոսում են, մարդիկ պտի փորձի արժեքը հասկանան»։ Սա ակնա՞րկ է նրանց։ «Իհարկե, կարող եք, իհարկե, կան, էդ իրենք որ ասում են՝ բացասական փորձ չունենք, էդ չի նշանակում, որ դրականն ունեն»։ ՀՅԴ-ն իրեն ավելի կոմֆորտ որտե՞ղ էր զգում՝ ՀՀԿ-ի՞ կողքին, թե՞ նորերի։ «Բոլոր տեղերում… մարդու կոմֆորտն իր ներսում է․ ես բանտում էլ էի ինձ կոմֆորտ զգում»։ Բա ինչո՞ւ դուրս եկաք։ «Ինչու… որովհետեւ ազատեցին։ Դռները բացել էին, հո չէի՞ մնա ներսում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանությունը, երբ պատրաստվում էր վերարտադրվելու, հոգացել էր, որպեսզի օրենսդրությունը հարմարվի կոնկրետ անձերի պահանջներին: Օրինակ Սահմանադրությունը եւ դրանից բխող օրենքները գրվեցին Սերժ Սարգսյանի «հագով», որպեսզի դառնալով վարչապետ, նա շարունակեր իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը: «Ժողովուրդը» պարզել է, որ այդ ընթացքում հոգացել են նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մասին, որը հիմա Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարն է: Ու հիմա Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածը շարադրվել է այսպես. «Եթե անձը ԱԺ կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ ՍԴ դատավոր պաշտոնավարելու ընթացքում, ապա ԲԴԽ անդամի լիազորությունների ավարտից հետո օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկելիս համարվում է, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից»: Նաեւ ընթացիկ վարձատրության հարցն է լուծվել այնպես, որ ՍԴ-ից ԲԴԽ-ում հայտնված անձը ստանա այդ պահի ամենաբարձր աշխատավարձը: Հասկանալի է՝ ՍԴ անդամներն ամեն օր ԲԴԽ անդամ չեն դառնում, եւ ի սկզբանե ծրագրված էր, որ 70-ամյակը լրանալուց հետո Գագիկ Հարությունյանն անցում կկատարի ԲԴԽ: Հիմա նրա համար ապահովված է երջանիկ ծերությունը»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Անդրիաս Ղուկասյանի «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը կդառնա կուսակցություն: «Եթե մեզ հաջողվի ձևավորել երկբևեռ քաղաքական դասավորություն, երբ ժողովրդավարական ուժերը՝ լայն զանգվածների ներկայացուցիչները հանդես գան մեկ դրոշի տակ (բնականաբար, «Քաղաքացիական պայմանագիրն» է, որը շահել է քաղաքացիների վստահությունը, քաղաքական այլ ուժեր կարող են լրացնել), և օլիգարխիան իր առանձին բևեռով հանդես գա, մենք այդ դեպքում կարող ենք առողջ քաղաքական համակարգ ձևավորել: Այժմ քաղաքական միասնության համար հիմքեր են ստեղծված, և դա օգտակար է լինելու»,- «Ժամանակ»-ին ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը կդառնա կուսակցություն»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը նախորդ տարի 31 միլիոն դրամ է վճարել մեքենա գնելու համար, ինչի մասին տեղեկանում ենք իր՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Ըստ այդմ, Հարությունյանը 31 միլիոն 941 հազար դրամով ձեռք է բերել «BMW X4» մակնիշի ավտոմեքենա՝ միաժամանակ 2 միլիոն դրամով վաճառելով «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 59 միլիոն 600 հազար դրամ, 200 հազար եվրո ու 350 հազար ամերիկյան դոլար: Արդեն տարեվերջին փոփոխվել էին միայն դրամական միջոցները՝ դառնալով 27 միլիոն 658 հազար դրամ: Պակաս գումարը գնացել էր նոր մեքենայի գնմանը: Տարեկան եկամուտները կազմել են 61 միլիոն 766 հազար դրամ, որից 6 միլիոն 528 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 4 միլիոն 273 հազար ու 50 միլիոն 965 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարներն են»: