Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից։ Այս մասին նա գրառել է Facebook-յան իր էջում.
«Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ Ձեզ, դիմում եմ նրանց, ովքեր ինձ ձայն տալով գործուղել են Ազգային Ժողով:
Վերջին շրջանում հայ ժողովուրդը՝ ինչպես Հայաստանում ապրող, այնպես էլ սփյուռքում հոգով ու սրտով ապրում է Հայաստանով, հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին, ուրախանում է, ոգեշնչվում է ցանկացած լավ լուրով, անհանգստանում է ենթադրվող մարտահրավերներից: Այսօր մեր ձայնը լսելի է, իսկ մեր կարծիքը կարևոր:
Ժամանակն է օգտվել պատմական հնարավորությունից: Հարկավոր է արագ ինքնակազմակերպվել ներսում, արտաքին քաղաքական հարաբերություններում ձեռք բերել անկախության աննախադեպ կարգավիճակ և արդյունքում դուրս գալ շահեկան դիրքերով: Կկարողանանք ՝ կմնանք պատմության մեջ բոլորս, բոլորս միասին, առանց բացառության: Առաջին քայլը արված է... Հիմա ժամանակն է զբաղվել ներքին հարցերով, հնարավորինս արագ, առանց ժամանակ կորցնելու, առանց ներքաղաքական խաղերի, երբեք չառաջնորդվել նեղ թիմային շահերով:
Նախկինում առիթ ունեցել եմ ասելու և հիմա էլ կրկնում եմ: Թիմային պայքարում բարոյական չեմ համարում քննադատության դետալային բարձրաձայնումը, դա ևս քաղաքական մշակույթի կանոններից է, բայց եւ այսօր չեմ տեսնում առողջացմանն ուղղված ոչ մի էական գործողություն: Չեմ ուզում տեսնել պայքար մեծամասնություն կազմող քաղաքական ուժի եւ ժողովրդական շարժման միջև: Այն անտեղի է. ծայրաստիճան վտանգավոր:
Տեղեկացնում եմ Ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից: Միաժամանակ մեկ այլ դիմումով դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից:
Իմ այս քայլը հետապնդում է մի քանի հիմնական նպատակ.
• Նպաստել խորհրդարանում լարվածության նվազմանը
• Ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումը պետք չէ թողնել միայն արտահերթ ընտրություններին: Առավել ևս, երբ դեռ հայտնի չէ, թե երբ է հնարավոր այն իրականացնել, և հայտնի չէ՝ ինչ պրոցեսներ կնախորդեն և ինչ զարգացումներ կունենանք վերջնարդյունքում:
• Այսօր ճիշտ եմ համարում աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով կառավարությանը տալ գործելու ավելի խաղաղ եւ կանխատեսելի պայմաններ: Նման քայլով հնարավորություն կտանք նորաստեղծ, այո, նաև անփորձ կառավարությանը կենտրոնանալ իր անելիքների շուրջ: Սա բխում է մեր ազգային շահից, և երկրորդ՝ նման քայլով նրանց հնարավորություն չենք տա արդարանալ անբավարար արդյունքների դեպքում:
• Պետք է տալ հնարավորություն և պահանջել, այլ ոչ թե խանգարել, հետո մեղադրել...
Մի բան հստակ է՝ ցանկացած պարագայում ընկնում ենք տեմպից, կորցնում ենք ժամանակ, այն, ինչ ամենաթանկն է: Ուստի այսուհետ կքվեարկեմ թիմային որոշումներից և պայմանավորվածություններից անկախ: Պատրաստ եմ կողմ քվեարկել ցանկացած ուժի ներկայացրած այն ծրագրին,որը կծառայի Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին:
Եվ քանի որ պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային կարգով, այս քայլը կատարելիս թիկունքումս զգում եմ բազմահազարանոց ընտրողների աջակցությունը:
Դատապարտելի է պայմանական հայրենասիրությունը։ Հայրենիքը պիտի սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես և անկախ մեր քաղաքական համոզմունքներից (Գ.Նժդեհ)»,- գրել է Արթուր Գևորգյանը։
Հիշեցնենք, Գևորգյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:
Նշենք, որ շրջանառվող լուրերի Հանրապետական կուսակցության խմբակցությունն այսօր նիստ է անցկացնելու: