Խոշոր հարկ վճարող ընկերություններին ՊԵԿ-ը զգուշացրել է վերադառնալ օրենքի դաշտ և տրամադրել ՀԴՄ-ները՝ օրենքով սահմանված կարգով: Երեկ հանդիպել եմ ցանցային առևտրով զբաղվող 10-12 պատասխանատուների հետ ու քննարկել այդ հարցը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, տնտեսավարողներին ասվել է, որ այնպես, ինչպես եղել է նախկինում, այլևս չի լինելու և նախկին համաձայնությունները այլևս չեն գործում: Ըստ այդմ, նրանց հորդորվել է վերադառնալ օրենքի դաշտ և տրամադրել ՀԴՄ կտրոնները: ՊԵԿ-ը մի քանի օր ժամանակ է տվել կարգավորելու ծրագրային խնդիրները:
Ինչ վերաբերում է պատգամավոր-գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցերում անցկացվող ստուգումներին, Անանյանը նշեց, որ ստուգումներ անձամբ իրենք չեն իրականացնում.
«Պարզապես ԱԱԾ գործընկերներին տեղեկացրել ենք, թե նախկինում ինչ պայմանավորվածություններ են եղել, որոնք այս պահին չեն գործում։ Խոսքը գյուղմթերքների է վերաբերում, քանի որ ձեռքբերողից փաստաթուղթ չի վերցվում և ԱԱՀ չի վճարվում: Խնդիրը նրանում է, որ իրենք առաջարկել են, որպեսզի գյուղմթերքների վաճառքն անհատ ձեռնարկատերերով լինի, որպեսզի իրենք 5 տոկոսի հարկ վճարեն 20 տոկոսի փոխարեն։ Մասնագիտական տեսակյունից դա հասկանալի է, բայց օրենսդրությունը դա թույլ չի տալիս», - պարզաբանեց ՊԵԿ նախագահը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հորդորեց բոլորին նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկել, որպեզզի այդ ամենը ԱԱԾ միջոցով տեղի չունենա:
Դավիթ Անանյանը նաև ասաց, որ ՊԵԿ-ի առաջնային խնդիրներից մեկը շարունակելու է մնալ ստվերի դեմ պայքարը՝ կոռուպցիոն ռիսկերը պետք է արմատախիլ արվեն: Ըստ նրա՝ Հայաստանում դրա համար ստեղծվել է իրապես պատմական հնարավորություն.
«Հիմա այն պատմական իրավիճակն է, երբ կարելի է դա անել, երբ հնարավորություն կա, և եթե մենք հիմա էլ դա չանենք, կարող եմ ասել, որ մենք կձախողենք ընդհանրապես ամեն ինչ, ինչ մեզ համար արժեք ունի։ Նախկինում շատ բան կարող էր լինել, բայց եթե ես պարզեմ, որ մայիսի 18-ից հետո որևէ մեկն ինչ-որ բան է արել, ինքը խիստ կպատժվի, ընդհուպ մինչև ազատազրկում», - նշեց նա՝ ավելացնելով, որ ՊԵԿ-ում արմատական կադրային փոփոխություններ են արվել ու դրանք շարունակվելու են։
Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է ՊԵԿ ղեկավարությունը ներգրավված եղել մաքսայինում կատարված չարաշահումներից, ներմուծման համար առանձին գումար վճարելուց և այլից, ինչի մասին օրերս արվեցին բացահայտումներ, ՊԵԿ նախագահը նշեց, որ հայտարարություններ կարող է անել միայն իր նշանակման օրվանից սկսված ժամանակահատվածի համար։
«Իսկ թե որքանով համակարգը դրան անդրադարձ կկատարի, կամ հետադարձը որքանով ցավոտ կլինի՝ ականատեսը կլինենք», - հավաստիացրեց նա։