Նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկեք և թող դա ԱԱԾ միջոցով տեղի չունենա. վարչապետ
Խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումներ անցկացնելու մասին հայտարարությանը, նշեց. «Բոլորին կոչ եմ անում՝ նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկեն եւ թող այդ ամեն ինչն ԱԱԾ միջոցով տեղի չունենա»: Այս մասին գրում է armtimes.com-ը:
Վարչապետը նշեց, որ այն ինչ իրենք հայտարարել էին, թե վենդետաներ չեն լինելու, դա վերահաստատում է, բայց նաեւ ասում է, որ որեւէ մեկը չփորձի դա ընկալել որպես թուլության նշան:
«Այսինքն՝ վենդետաներ չի լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու, եթե որեւէ մեկը մեր դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա, սրանում համոզված եղեք»,- ասաց նա:
Փաշինյանը կոչ արեց, որ բոլորը լրջանան եւ պետության նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները անմնացորդ կատարեն:
«Բոլորն ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից, ես սա ասում եմ միանշանակ, բայց ոչ մեկը չմտածի, թե կարա պետությանը խաբի: Ես բոլորին կոչ եմ անում, որ կամավոր գան այդ դաշտ եւ նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկեն եւ թող այդ ամեն ինչն ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա: Այո, ինչ խնդրի դրվի, ԱԱԾ-ն կլուծի այդ խնդիրը՝ շատ արագ, կոշտ եւ օրինական ճանապարհով, բայց ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»,- եզրափակեց նա: