ԵՄ-ն մտադիր է ապահովել իր ընկերությունների ներկայությունը Իրանում. Մակրոն
ԵՄ-ն մտադիր է ապահովել իր ընկերությունների ներկայությունն Իրանում՝ չնայած ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքի վերաբերյալ որոշմանը. առաջնորդները հաստատել են իրենց մտադրությունը պահպանել Եվրոպայի ռազմավարական եւ տնտեսական ինքնիշխանությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երեկ Իրանի հարցով բավականին հագեցած քննարկումներ էին ծավալվել: Եվրոպան հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու անհրաժեշտության վերաբերյալ միասնական դիրքորոշումներին: Մենք միշտ հայտարարել ենք, որ 2015 թվականի Իրանի հետ գործարքն այս հավասարակշռության կարեւոր բաղադրիչն է, ուստի մենք դրան աջակցում ենք»,- ասել է Մակրոն:
«Մենք կաշխատենք Իրանի հետ համաձայնագրի շրջանակները պահպանելու ուղղությամբ՝ անկախ ԱՄՆ-ի որոշումից: Ավելի կոնկրետ՝ քաղաքական աջակցություն ցուցաբերելով եւ մեր ընկերությունների ներկայությունը ապահովելով, ինչպես նաեւ խրախուսելով բոլոր կողմերին շարունակել բանակցություններն անհրաժեշտ ավելի լայն համաձայնագիր կնքելու համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: