Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չորեքշաբթի հավանության է արժանացրել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ տարբեր բնագավառներում առավել խոր համագործակցություն ծավալելու հնարավորություն ընձեռելով:
Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում նշվում է, որ գործընկերության համաձայնագիրը վերջնական կետ չէ ԵՄ-Հայաստան հարաբերություններում, այլ գործիք է ներքին բարեփոխումներ առաջադրելու և դրանք իրականացնելու համար:
Եվրախորհրդի պատգամավորները Հայաստանին կոչ են անում նշանակալի առաջընթաց գրանցել մամուլի ազատության, դատական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և չարաշահող օլիգարխիկ վերահսկողության ոլորտներում:
Նրանք հիշեցնում են, որ ԵՄ արժեքներից շեղվելը, որոնք են մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, կարող է հանգեցնել համաձայնագրի կասեցմանը:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամները շնորհավորել են Հայաստանի քաղաքացիներին վերջերս երկրում տեղի ունեցած իշխանության խաղաղ անցման համար և ողջունել են իրավապահ մարմիների ցուցաբերած զսպվածությունը, թեև խաղաղ ցուցարարների որոշ անհիմն ձերբակալություններ մտահոգության առիթ են տալիս: Եվրապատգամավորները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու համար և ընդլայնված համագործակցության հույս հայտնել:
Հանձնաժողովի անդամները ափսոսանք են հայտնում, որ համաձայնագիրը թույլ չի տալիս վերացնել սակագնային արգելքները՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պատճառով: Այնուամենայնիվ, նրանք ընդգծել են, որ դա չի խանգարի ԵՄ-ին դառնալու Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը և առաջին դոնորը՝ այդպիսով ցույց տալով, որ ԵՄ-ն նախապայման չի համարում գործընկերների հետ հարաբերությունները խորացնելու համար երրորդ կողմի հետ վերջինիս հարաբերությունները:
Եվրախորհրդի պատգամավորները հանձնաժողովին կոչ են արել վստահանալ, որ Հայաստանին ուղղված օգնությունը չի առնչվի ռուսական պատժամիջոցներին:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել 2018-ին երկու երկրում կայանալիք ընտրություններից հետո արագացնել բանակցությունների տեմպերն ու արդյունքները՝ « պատմություն կերտելու՝ վերջ դնելով հակամարտությանը, որը ռազմական լուծում չի կարող ունենալ»: Նրանք աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանը և հարևանության հաստատմանը: