VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Տարածված տեղեկությունների համաձայն, օրեր առաջ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ Հայաստան ժամանած FBI-ի հակաահաբեկչական բաժնի քննիչները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանի ապօրինի կապիտալի արտահոսքի հնարավոր դեպքերը: Տարբեր աղբյուրներ հնչեցնում են տարբեր անուններ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անունը: Ավելին, նախօրեին ակտիվ լուրեր էին շրջանառության մեջ դրվել, թե վերջինս ձերբակալված է: Չբացառելով որևէ անունի հավանականությունը, այդ թվում՝ նշյալ անձի, հավելենք, որ մեր ունեցած տվյալներով, ուսումնասիրվում է հատկապես ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) անձն ու ֆինանսական գործունեությունը: Նույն աղբյուրի համաձայն, Արտակ Սարգսյանը աներևակայելի մեծ գումարի տրանսֆեր է իրականացրել դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առերևույթ անհայտ նպատակներով: Հենց այս հանգամանքն էլ գրավել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրությունը»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ վերնախավը շարունակում է Ռուսաստանից աներկբա մեսիջներ ստանալ, որ իրենք ևս շահագրգռված են ՀՀԿ-ի միասնականության պահպանմամբ: Ռուսաստանում համարում են, որ քանի դեռ նոր իշխանության ձևավորումը ավարտված չէ, հնից նորի տրանսֆորմացիան չի ավարտվել, և հայտնի չէ այդ տրանսֆորմացիայի արդյունքը, ՀՀԿ-ն պետք է շարունակի մնալ որպես առնվազն խորհրդարանական իշխանություն: Ռուսաստանում համարում են, որ քանի դեռ Հայաստանում նոր ընտրություններ տեղի չեն ունեցել, ՀՀԿ-ն շարունակում է մնալ 2017թ․ապրիլի 2-ի խորհրդարանական «լեգիտիմ» ընտրությունների միակ լեգիտիմ մեծամասնությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թե՛ հեղափոխական, թե՛ հակահեղափոխական թիմերում, այդ թվում եւ Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսում, Փաշինյանի կառավարության լավագույն նշանակումը համարում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանինը, որը, ըստ ԱԳՆ մեր աղբյուրի, պրոֆեսիոնալ է․ «Նա էր բանակցում ԵՄ-Հայաստան համաձայնագիրը՝ ողջ ընթացքում․ Նալբանդյանի մոտ նախաձեռնողականությունը զրոյական էր, իսկ Զորիկը կլասիկ դիվանագետ է, լավ բանակցող, ոչ մի կողմի հետ որեւէ խնդիր չի ունենա»։ Ո՞վ է առաջարկել նրա թեկնածությունը։ «Կարծում եմ՝ նախագահ Արմեն Սարգսյանը, չնայած Զորիկն ընդունելի է բոլորի համար, այդ թվում եւ՝ հեռացած թիմի։ Սերժ Սարգսյանը շատ գոհ է եղել նրա աշխատանքից, մի քանի անգամ ցանկացել է Զորիկին նշանակել ԱԳ նախարար, սակայն Ռուսաստանն ընդդիմացել է Էդվարդ Նալբանդյանի հեռացմանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նոր, ընդ որում, վտանգավոր ավանդույթ է ձեւավորվում, երբ ժողովրդավարությունը սպառնում է վերածվել անարխիայի: Մարդիկ այս օրերին փորձում են իրենց խնդիրների լուծմանը հասնել փողոցներ փակելու, այդպես երթեւեկությունը կաթվածահար անելու միջոցով: ՀՀ քաղաքացիներն այսօր բողոքի ակցիաներին կիրառում են նույն այն մեթոդները, ինչ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործածում էր ՀՀԿ-ի դեմ ու հասավ հաղթանակի: Բայց եթե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժման դեպքում պայքարի նման միջոցը միանգամայն բնական էր, քանի որ օրակարգում կարեւորագույն քաղաքական պահանջ էր դրված՝ Սերժ Սարգսյանի հրաժարական եւ արտահերթ ընտրությունների անցկացում, բացի այդ, սա իսկապես համազգային պահանջ էր, ապա հիմա նման մեթոդ կիրառել իրեն թույլ է տալիս ցանկացած մեկը: Սա, համաձայնեք, մեղմ ասած, «սիրուն չի»:
Իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց, երբ վերջապես զգացել են փոփոխությունների շունչը, կարող են ցանկացած հարցի վերաբերյալ ազատ անհամաձայնություն հայտնել, առանց վախենալու հետապնդումներից, բռնությունների ենթարկվելուց: Բայց մյուս կողմից այս ամենը կարող է հանգեցնել ամբոխավարության, երբ արդեն փորձում են անգամ վարչապետ Փաշինյանին իրենց որոշումները թելադրել, ստիպել, որ իրենց ուզածով շարժվի: Իսկապես, ժողովրդավարության եւ ամբոխավարության, ազատության եւ ամենաթողության սահմանագիծը շատ նուրբ է, եւ գործող իշխանությունը պետք է հետեւի, որ վտանգավոր գիծը չանցնենք, այլապես նոր կառավարությունը կարող է դառնալ իր իսկ գործածած մեթոդների զոհը, մանավանդ, երբ իշխանական լծակները պահպանող ՀՀԿ-ն փորձում է ամեն քայլափոխի աննկատ քայլերով անհարմար դրության մեջ դնել նորանշանակ վարչապետին ու նրա կառավարությանը` նաեւ վարկաբեկելով ժամանակին նրանց գործածած մեթոդները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային փոփոխությունների ալիքը հասավ երկրորդ էշելոնին՝ աշխատանքից ազատման դիմումներ են գրում փոխնախարարները։ Օրեր առաջ ազատվել էր կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, երեկ տեղեկացանք, որ հեռացել է նաև Վահրամ Մկրտչյանը։ Դեռ պարզ չէ, թե վարչապետն ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ում են տեսնում փոխնախարարների աթոռին։ Նախարարությունում են հայտնվել հանրային սեկտորի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը և փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը․ հավանաբար, նրանցից մեկը կդառնա փոխնախարար։ Իսկ նախարարը շարունակում է Ֆեյսբուքում «լայվ» մտնել և առաջին քայլը, որ արել է՝ մեկ շաբաթով հետաձգել է դպրոցների քննությունները՝ հարուցելով աշխատակազմի տարակուսանքը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիներին պատկանող բազմաթիվ մեքենաներ են վնասվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ առաջնորդելու ժամանակ էր հայտարարել, որ այն անձինք, ովքեր նյութական վնաս են կրել, անպայման փոխհատուցվելու են: Թավշյա հեղափոխության բարեհաջող ավարտից եւ կառավարության ձեւավորումից հետո հասարակության շրջանում լուրեր էին տարածվել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է փոխհատուցումների տրամադրումը: Տուժած քաղաքացիներից մեկը ը դիմել էր «Փաստ»-ի խմբագրությանը՝ ճշտելու, թե փոխհատուցում ստանալու համար որտեղ, ում եւ ինչ կարգով պետք է դիմել: «Առաջնահերթություններ կան, որոնցով մենք առաջնորդվում ենք: Որոշ ժամանակ անց այդ հարցի մասին էլ կհայտարարենք, թե ինչպես եւ ում քաղաքացիները պետք է դիմեն, ինչ տվյալներ պետք է ներկայացնեն եւ այլն: Բայց որ հարցին լուծում կտրվի միանշանակ է»,- «Փաստ»-ին փոխանցեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը»: