28.11.2024
ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի դի
prev Նախորդ նորություն

Սամվել Ալեքսանյանը «ժողովրդի թեկնածուի կողմից է» ու դեմ է մենաշնորհներին

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «ժողովրդի թեկնածուի կողմից է»: Այդ մասին պատգամավորը հայտարարել է լրագրողների այն հարցին ի պատասխան, թե ում օգտին է քվեարկելու մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում:


Այն հարցին, թե ով է ժողովրդի թեկնածուն, Ալեքսանյանն ասել է. «Կերևա այդ օրն, էլի», հայտնում է Aysor.am-ը։ Այն դիտարկմանը թե արդյոք վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանն է ժողովրդի թեկնածուն, Ալեքսանյանը խուսափել է անուններ տալուց՝ արձագանքելով.«Ով ժողովրդի թեկնածուն է, ես նրա կողմից եմ, էլ ի՞նչ եք ուզում»։


Ալեքսանյանը նաև ողջունել է Փաշինյանի մտադրությունը՝ պայքարել մենաշնորհի դեմ. «Ես բիզնես չունեմ, մենաշնորհ չունեմ։ Ճիշտ էլ կանի, որ վերացնի։ Ես կողմ եմ, մենաշնորհները թող վերացնի»։


Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ դեռ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում էր, իսկ Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, Սամվել Ալեքսանյանը, որին են պատկանում շաքարավազի ու կարագի ներկրման մենաշնորհները, իր թիկնապահների հետ Երեւանում ահաբեկման գործողություններ ու ծեծ էր կազմակերպում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ: 


Մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ ՀՀԿ-ն մինչ որոշում կայացնելը հանդիպում էր անցկացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։


Մայիսի 1-ին կուսակցությունը տապալել էր վարչապետի ընտրությունները՝ դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, որից հետո հանրապետությունում վերսկսվել էին քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները։