Որպես ձեր նախկին վարչապետի փոքր եղբայր խնդրում եմ՝ մտածեք երկրի մասին. Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Եղբորիցս հետո որևէ վարչապետի ծրագիրը ներկայացնելուց, ներառյալ իմ կողմից ծրագիրը ներկայացնելու ժամանակ որևէ մեկի պատասխանները այդքան հստակ, այդքան չափփած-ձևված չեն եղել, որքան Նիկոլ Փաշինյանինը: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԱԺ Ելք խմբակցության անդամ Արամ Սարգսյանը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը:
Ըստ նրա՝ եթե այս անգամ էլ ժողովուրդը պարտվի, ապա լուծումը կմնա զենքի դաշտում, քաղաքական լուծում այլևս չի լինի: Իսկ Նիկոլ Փաշինյանը, ասաց Սարգսյանը, փորձում է այդ իրավիճակից խուսափել և անում է դա գրագետ:
«Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, ում անունը այսօր աշխարհում ամենաշատն են տալիս, հետևաբար ինքն է այն գառանտը, որ կարող է արդար ընտրություն անցկացնի: Ուզո՞ւմ եք արդար ընտրություններ, ուզո՞ւմ եք այս խնդիրը հանգուցալուծվի, թե ոչ: Մեր երկրի ամենակարևոր խնդիրը մեր երկրի անկախության խնդիրն է, իսկ դա հնարավոր է լեգիտիմ իշխանության դեպքում միայն»,- ընդգծեց նա:
Վերջում Արամ Սարգսյանը դիմեց ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնց ձայնից էլ կախված է՝ Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետ կընտրվի, թե ոչ.
«Խնդրում եմ ձեզ, հանրապետականներ, խնդրում եմ որպես ձեր նախկին վարչապետ ու նախկին վարչապետի փոքր եղբայր՝ մտածեք այս երկրի մասին ձեր քվեարկության կոճակը սեղմելուց»,- հավելեց նա: