Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետանին չի հանդիպել
«Մենք միշտ էլ պատրաստ ենք ընտրությունների, ուզում է վաղը լինեն ընտրություններ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին արդյոք պատրաստ են արտահերթ ընտրությունների:
Իսկ ահա քվեարկությանը միակամ մասնակցելու հարցը նրան զարմացրեց.
«Եթե ես որոշում եմ կայացրել, որ իմ ու մեր պատգամավորների որոշումը դա է, ուրեմն ոչ ոք հակառակ չի քվեարկեի: Ոնց որոշենք՝ այդպես էլ կլինի»,- շեշտեց նա:
Նա ասաց, որ համաժողովրդական շարժման առաջին օրվանից հետևել են իրադարձություններին ու նաև քաղաքական խորհրդի նիստ հրավիրել, հայտարարություն արել, որ ժողովրդի կողքին են և դեմ կլինեն ԱԺ պատգամավորների կալանավորման միջնորդությանը:
Հարցին՝ այս օրերին հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանին կամ Կարեն Կարապետյանին,կուսակցապետը նշեց, որ այս օրերին ո՛չ Սարգսյանի, ո՛չ էլ Կարապետյանի հետ հանդիպում չի ունեցել: Գագիկ Ծառուկյանը նաև նշեց, որ Կարեն Կարապետյանին տեսել է ավելի քան 1,5 տարի առաջ:
Հիշեցնենք, ժամը 12-ին ԱԺ-ում կմեկնարկի ՀՀ վարչապետի ընտրությունը: