23.11.2024
Մամուլ. ՀՀԿ-ում իրավիճակ է փոխվել. Սերժ Սարգսյանը կմնա կուսակցության նախագահի պաշտոնում
prev Նախորդ նորություն

Մայիսմեկյան տրամադրություն Երևանում. քաղաքացիներն աջակցություն են հայտնում Փաշինյանին

Այս պահին Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ են, Երևանի փողոցներում, չնայած ոչ աշխատանքային օրվա, եռագույններով պատված ավտոմեքենաների ակտիվ շարժ է: Պատճառը ոչ թե Աշխատավորների միջազգային օրն է, այլ վարչապետի ընտրությունը, որը կմեկնարկի արդեն մեկ ժամից խորհրդարանում:


Գիշերը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հորդորեց բոլորին առավոտյան 11-ից հավաքվել հրապարակում, քանի որ Հանրապետական կուսակցություն որոշել է տապալել վարչապետի ընտրությունը:

Առավոտվանից մայրաքաղաք են ժամանում ավտոշարասյուններ Հայաստանի տարբեր քաղաքներից, անգամ ամենահեռավոր մարզերից:

Հրապարակում բարձր տրամադրություն է՝ գունավոր փուչիկներ, երաժշտություն, պաստառներ, որոնց վրա գրված է «Նիկոլ վարչապետ» , «Հաղթանակ» և այլն:

Ի դեպ, Ազգային ժողովի հատուկ նիստից առաջ էլ ՀՀԿ-ն հայտարարում է, որ դեռ վերջնական որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու վարչապետի ընտրության ժամանակ և որոշումը կլինի միայն թեկնածու ծրագրերին ծանոթանալուց հետո:

Հիշեցնենք, վարչապետ ընտրվելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է ստանա 105 պատգամավորներից 53-ի աջակցությունը: ԱԺ երեք խմբակցություն հայտնել է իր աջակցությունը նրան՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները, ինչպես նաև ՀՅԴ-ն: Վճռորոշ է լինելու ՀՀԿ-ի քվեարկությունը: