Մամուլ. ՀՀԿ-ում իրավիճակ է փոխվել. Սերժ Սարգսյանը կմնա կուսակցության նախագահի պաշտոնում
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրթերթը գրում է. «Ազգային ժողովն այսօր ընտրելու է ՀՀ վարչապետ: ՀՀԿ-ականները թեև հայտարարել են, որ չեն խոչընդոտի Փաշինյանի քվեարկությանը, բայց դեռևս չեն խոսում նրա օգտին քվեարկելու մասին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ՀՀԿ-ականները փորձելու են բոլոր հնարավոր տարբերակներով խոչընդոտներ հարուցել Փաշինյանի ճանապարհին: Հիմա եթե անգամ ՀՀԿ-ն կողմ քվեարկի Փաշինյանին, հետագայում մտադիր է ձախողել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նրա նախաձեռնությունը:
Փաշինյանն առաջարկում է քաղաքական պայմանավորվածության համաձայն` չհաստատել կառավարության ծրագիրը, որպեսզի Սահմանադրության համաձայն` ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվի: Սակայն ՀՀԿ-ականները ուզում են հաստատել Փաշինյանի բերած ցանկացած ծրագիր, միայն թե արտահերթ ընտրություններ տեղի չունենան: Իսկ իրենք ԱԺ-ում ունենալով խորհրդարանական մեծամասնություն` զանազան անհարմարություններ կստեղծեն Փաշինյանի կառավարության առաջ՝ չընդունելով կառավարության ներկայացրած նախագծերը, օրենքներ ընդունելով վարչապետի լիազորությունները սահմանափակելու մասին և այսպես շարունակ:
Ասել է թե՝ ՀՀԿ-ականները մտադիր են Հայաստանում ոչ միայն խորացնել քաղաքական ճգնաժամը, այլև ստեղծել սահմանադրական ճգնաժամ, երբ միմյանց դեմ կսկսեն պայքարել պետության երկու ճյուղերը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Համահայկական ընդվզման այս օրերին ՀՀԿ-ն զուգահեռ անցել է ցուցակներ ճշգրտելու գործին։ Մասնավորապես ինչ-որ անձինք ներկայանալով ՀՀԿ-ից՝ ցուցակները ձեռքներին շրջում են շենքերով, մտնում մարդկանց բնակարաններ ու հարցուփորձ անում։ Այդ անձինք հիմնականում գնում են նրանց բնակարանները, որտեղ երկրից բացակայողներ կան և ճշգրտում են՝ վերադարձել են, թե ոչ։ «Երեկ մի կին էր եկել, ընտրական ցուցակներ էին ձեռքը։ Եկավ, ներկայացավ ու ասաց, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ են ճշգրտում։ Հարցրեց, թե տալս հիմա երկրում է, թե ոչ։ Իմ ճշտող հարցին, թե իրենց ինչին է պետք, հստակ պատասխան չտվեց այդ կինը, բայց ակնարկեց, որ, ըստ էության, ՀՀԿ-ն ուզում է ցուցակներ թարմացնի, երկրից բացակայող անձանց հստակ թիվ իմանա ու նրանց օգտին ձայն ապահովի առաջիկայում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց այն կինը, ում բնակարան այցելել էին։ Մի շարք ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը սա բացատրում է նրանով, որ կուսակցությունները, հատկապես ՀՀԿ-ն ինտենսիվ սկսել են նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժամանակ չեն կորցնում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ ակնարկել էր կուսակցության ղեկավարի փոփոխության մասին: Ավելին` նա ՀՀԿ-ականներին ասել էր, թե ամեն ինչում պետք է լսեն և ենթարկվեն Կարեն Կարապետյանին` այդպես ակնարկելով, որ նրան է փոխանցում ՀՀԿ ղեկավարի պաշտոնը:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀԿ ներսում իրավիճակ է փոխվել. Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ ՀՀԿ նախագահի պաշտոնում: Փոխարենը չի բացառվում` Կարեն Կարապետյանը հերթական անգամ լքի Հայաստանը` վերադառնալով «Գազպրոմ», իր նախկին աշխատանքին:
Բանն այն է, որ հանրապետական պատգամավորների ու Կարեն Կարապետյանի միջև անջրպետն այս ընթացքում ավելի է խորացել: Սա այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականով խանդավառված` Կարեն Կարապետյանը փորձեց ամեն գնով իրենով անել վարչապետի պաշտոնը` արհամարհելով կուսակիցներին և այդ հարցում օժանդակություն փնտրելով դրսից: Սա ակնհայտորեն դուր չի եկել նաև Սերժ Սարգսյանին` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում են ոչ միայն ռուս պաշտոնյաներ, այլեւ ռուսահայ գործարարների մեծ բանակ` Ռոբսոնից` Ռուբեն Թաթուլյանից մինչեւ Ռուբեն Վարդանյան եւ Սամվել Կարապետյան:
Ռուսաստանը մեծ անհանգստություններ ունի հայաստանյան զարգացումների մասով եւ հանձնարարել է իր էմիսարներին` ամեն գնով հասնել նրան, որ հայ-ռուսական հարաբերությունները «ճաք» չտան, ավելին` ռուս պաշտոնյաներն ընդդիմադիրներին մեսիջներ են ուղարկում, որ Ռուսաստանին տրված խոստումների դույզն իսկ չկատարման դեպքում չեն հապաղի բարձրացնել գազի, Հայաստանին գրեթե ինքնարժեքով վաճառվող զենքի գինը, կփոխվի համագործակցութան մակարդակը ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում»:
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ներկա է գտնվելու ԱԺ նիստին` մասնակցելու վարչապետի ընտրությանը: Հատկանշական է այն, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ չմասնակցեց ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությանը, թեեւ իրենց խմբակցությունը կողմ քվեարկեց: Ծառուկյանը չէր մասնակցել նաեւ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությանը` բացակայելով ԱԺ հատուկ նիստից»: